Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սոլոմոնինը։

— Սոլոմոնն ո՞վ է։

— Կոմիտեի մեջ ա,— վրա բերեց գզիրը։

— Կոմիտեի անդա՞մ է, հաստա՞տ գիտես։

— Այո՛, հաստա՛տ,— պնդեց Ավետիսը։

Ձիավորներն ինչ-որ փսփսացին իրար հետ։ Կուպրը դեռ շարունակում էր կեռիկ-մեռիկ պարել ու դնդնացնել։

— Է՜յ, կարա՞ս, մնա ջաղացում, մինչև ջաղացպանը ետ գա,— ասաց առաջին ձիավորը։

— Հը՞, մնա՞մ... չէ՛, էդ իմ բանը չի, դուք սրանց տանեք, իմ գինու կարասը բաց անեք, քեֆ անեք, ես ջաղացում մնա՞մ... չէ′, չեմ մնալ, ես էլ եմ գալիս, — ասաց Կուպրն ու առաջ ընկավ պարելով։

Ու մինչ ձիավորները նայում էին նրա ետևից, նա առուն անցավ, մտավ Սոլոմոնի այգին, ու սկսեց գետինը չանգռոտորել։ Ձիավորներից մեկը ձին քշեց, որ տեսնի, թե ինչ է անում Կուպրը։

Կուպրը Սոլոմոնի գետնում թաղած գինու կարասի քարե խուփը վերկալավ։ Գինին պճպճալով՝ ներսի գազի ուժից լահու տվեց, հոսեց։

— Գինի, տղերք, գինի,— գոչեց ձիավորը։

Մյուսները վրա հասան։

— Ծածկեցեք թո՛ղ մնա,— խորհրդավոր կերպով ասաց ձիավորներից մեկը։

Գինու կարասը ծածկեցին։

— Է՜յ, գզի՛ր, գնա գյուղ և ասա, թե մենք չթողեցինք, որ ջաղացպանին տանես. ջաղացպան, դու կմնաս, իսկ դու, անունդ ինչ որ է՝ Կիրակոս, Մարկոս, Փիլիպոս, թե ինչ...

— Ձեզ ծառա Ավետիս։

— Հա՛, այդ միևնույն է, դու էլ գնա գյուղ, ջաղացում մարդ չմնա ջաղացպանից զատ, բայց եթե գինու մասին որևէ բան եք ասել, խորովածի մսի պես թիքա-թիքա կանենք ձեզ։

— Ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել։

— Է՜յ, Կարա՛ս, դու մեզ հետ կգաս։

— Աղա ջան, ես ձիով, դուք ոտքով ձեզ հետ ո՞նց գա՛մ...

— Հիմար է, հիմար չի, խելոք է, խելոք էլ չի...