— Հիմար է, հիմար չի, խելոք է, խելոք չի, աղա ջան, լավն էն ա, թող կորչի,– վրա բերեց Կուպրը։
— Դե՛ ուր կորչում ես կորիր,— ասացին ձիավորներն ու ասպանդակեցին ձիերին։
Ավետիսն ու գզիրը ճամփա ընկան դեպի գյուղ, իսկ Կուպրն Անտոնի հետ մտավ ջաղացը։
— Ցորենը դեն ածեցի՞ր,— հարցրեց անմիջապես Կուպրը։
— Չէ՛, պահել եմ։
— Լավ ես արել, ձեռաց մի մասն աղա, շատ փետ հավաքիր, կրկենի թխի, ես էլ գնամ մի տեղից միս ճարեմ, էս շները գիշերը գալու են, ինչպես երևում ա, էլ գեղի տղերանցից ղարավուլ չեն դնելու, չեն հավատում, ղարավուլը կամ սրանք պտեն ըլիլ, կամ սրանցից, էս գիշերն էնքան սրանց լակացնեմ Սոլոմոնի գինուցը, որ լիսն ու մութը խառնեն իրար։ Դե՛ ոնց որ ասեցի, ես գնամ Ավետիսին ու գզիրին հասնեմ, սիրտները հենց ահ գցեմ, որ տեղաշոր ընկնեն, հիվանդանան, տանից դուրս չգան, չէ թե գինու մասին բան պատմեն․ համ էլ տեսնամ տղերանց բանը ոնց ա, պինդ են կաղնա՞ծ, թե չէ։ Էսօր-էգուց կսկսվի կռիվը, տեղդ պինդ կաց...
Կուպրը դուրս թռավ ջաղացից, գզիրի ու Ավետիսի ետևից զիլ կանչեց ու վազեց։
Մութն ընկավ, թիփի-բորանն սկսվեց։ Ինչ շունչ արարած որ կար սրթսրթալով քաշվեց իր բույնը։ Անտոնը կատարել էր Կուպրի պատվերը։ Կրակը թեժ էր, կրկենիները պատրաստ։ Մեզ հայտնի ձիավորները եկան։ Անտոնը ձիերը կապոտեց ջաղացի ներսը, Սոլոմոնի խոտի դեզից մի քանի խտիտ բերեց, գցեց առաջները։ Ձիավորները բուխարու առաջ կիսաշրջան կազմելով նստոտեցին։
— Բիձա, ուտելու բան չունե՞ս։
— Ունեմ, ձեզ մատաղ, կրկենի ունեմ, համա էլ ուրիշ բանի տեղակ չտաք։
— Միս չի՞ ճարվի էս մոտերքը։