Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հէ՛-է՛-է՜յ,— շունչը կտրելով, ձայնը կոկորդում խեղդված խռխռացնում է Անտոնը և հազիվ ուշքի գալիս:

— Բա՛ց արա դուռը։

— Ո՞վ ես,– քրտինքի մեջ կորած հազիվ հարցնում է Անտոնը: Նրան թվում է, թե ջաղացը գլխին պտույտ է գալիս։

— Բա՛ց արա դուռը, կիմանաս, ով որ եմ։

— Ասա, ո՞վ ես, բաց անեմ, էս կեսգիշերին ես դուռը բաց անող չեմ։

Դուրսը մի քանի հոգի ծիծաղում են։

— Ի՞նչ կեսգիշեր, տո՛ պառավ գոմեշ, արևը քաչալի գլուխ ա էրում։

Անտոնը վեր է կենում, առաջ է շարժվում, թե դուռը բանա։ «Տղերքը» մորթած հավերի պես թափված են իրար կողքի, ձիերը ծույլ-ծույլ ննջում են ետևի ոտները հերթով «կախ անելով», հանգիստ տալով։

Անտոնը դուռը բաց է անում, երեք ձիավոր են. մեկն իջել է ձիուց դուռը թակելու համար։ Անտոնը ոչ մեկին էլ չի ճանաչում։ Զինված են, խոժոռած դեմքերով։

— Ջաղացպանը դո՞ւ ես:

— Հրաման քեզ, ես եմ։

— Ջաղացումդ մարդ կա՞։

— Կան։

— Քանի՞ հոգի են։

— Երեք։

— Ի՞նչ մարդ են։

— Ղարավուլ։

— Ի՞նչ բանի են հիմի։

— Քնած են։

— Էսքան երկա՞ր, գիշերը քնել են, չեն կշտացել, որ ցերեկն էլ են քնո՞ւմ...

— Գիշերը չեն քնել:

— Բա ի՞նչ էին շինում։

— Հերթով ղարավուլ են քաշել մեծ ճամփի վրա։

— Բա ե՞րբ են քնել։

— Գիտեմ ոչ, լուսադեմին քնած կլեն։