Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղելությունը պատմի մինիստրին, իսկ քյոխվա Սարիբեգին պատվիրեց, որ Կիկոսին գյուղից հեռացնի, կորցնի, թեկուզ գլուխը կտրելու գնով, որ նա մարդու երես չտեսնի և ոչ ոքի ոչ մի բան չասի եղելության մասին։

— Տեսնո՞ւմ ես այս մավզերը,— դարձավ խմբապետը Կիկոսին,— տասը փամփուշտ ունի իր մեջ. բերանդ բաց կանեմ ու տասն էլ կդատարկեմ մեջը, եթե որևէ մեկին բան ասես։ Գնա պարոն Սարիբեգն ուր որ կտանի, ձայնդ կտրած կգնաս, ինչ որ հրամայի, կկատարես, թե չէ երդվում եմ սուրբ դաշնակցության անունով, տուն ու տեղդ մոխիր կշինեմ, քամուն կտամ։

— Լեզուս թող պապանձվի, թե մարդու չէ, որ իշիս էլ բան ասեմ,— կմկմաց հազիվ սփրթնած Կիկոսը։

Լուսադեմ էր։ Ալեքը ոտով ճամփա ընկավ դեպի «Կենտրոն», ոնց որ «խմբերն» էին ասում, որ ամեն գյուղում պատմի իր «քաջագործությունների» մասին, իսկ քյոխվա Սարիբեգն ու Կիկոսը խոնարհ գլուխ տալով խմբապետին՝ դուրս եկան «շտաբից»։

Քյոխվան դարձավ Կիկոսին, թե՝ — Հու լա՞վ իմացար ինչ ասաց խմբապետը։ Նա ուզում էր գլուխդ կտրի, ես միջնորդեցի, որ ինձ բախշի։ Հիմի արի էշդ աղաք արա ու սուսուփուս գնա մեր գոմերը։ Մեր տավարը կպահես, մինչև տենանք էս բանն ինչով ա վերջանում։

— Քյոխվա ջան, արևիդ մատաղ, քո եսիրն եմ, քո ոտքի տակի ցեխն եմ, ուզում ես արի ոտներդ լվանամ ու ջուրը խմեմ։ Էդ լավությունը չէ թե ես, վասիաթ (կտակ) կանեմ, որ իմ օխտը պորտն էլ չմոռանա...

Ու էն ժամանակ, երբ լուսը բացվել էր, ու գյուղացիք հավաքվում էին «շտաբի» դուռը, որ իմանան, թե «գերի թուրքերի» հետ ինչպես են վարվելու, Կիկոսն իր էշն առաջն արած մոտենում էր քյոխվա Սարիբեգի գոմերին, ուր նրա ապրանքն էր պահվում ձմեռը, ինքն իրեն ասելով.

— Կիկո՜ս, գլուխդ էս անգամ էլ լավ ազատեցիր թակվելուց... Թո՛շ, թո՛շ, դեսն արի, այ անտեր, դբա քյոխվի