Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գոմերը, ի՞նչ ես շլինքդ դբա սուրբ Սարգիսը ծռել, հո մատաղ չեմ տանում մորթեմ, գիտում չե՞ս, որ հիմի իմ խաչը քյոխվա Սարիբեգն ա...

V

Թե ինչ պատահեց այնուհետև գյուղում, Կիկոսը ոչինչ չիմացավ։ Նա քյոխվա Սարիբեգի ապրանքի հետևից էր։ Պահում էր, խնամում ու իսկի չէր էլ մտածում, թե ինչով է վերջանալու կռիվը, ինչ կարող է պատահել այնուհետև, ինքը երկար պիտի մնա ուրիշի տանն անվարձ աշխատավոր, թե մի օր կազատվի։ Նա իրեն չափազանց երջանիկ էր զգում, որ աշխարհի խառնված ժամանակ ինքը մի հանգիստ ու խաղաղ անկյուն է գտել մարդկանցից հեռու, կռվից ազատ։ Երբեմն գյուղից հաց ու ալյուր էին բերում Կիկոսի ու քյոխվի շների համար, և եթե խոսք էր բացվում գյուղի դրության մասին, պատմող ջահելը հազար ու մի անօրեն բան էր պատմում «խումբերից», թե ինչպես նրանք գազազած հարձակվում են սրա-նրա վրա, ծեծում, ջարդում, կովն ու եզը գոմից դուրս քաշում, մորթում, շատ անգամ էլ էս ու էն կնկանն ու աղջկանը ձեռք գցում:

Լսում էր էս ամենը Կիկոսը, լսում ու ինքն իրեն մխիթարում.

— Ի՞նչ լավ ա՝ ես ընտեղ չեմ, թե չէ իմ գլուխն էլ կթակեն...

Գարունը բացվելու վրա էր, երբ մի օր Կիկոսի կնիկն եկավ քյոխվա Սարիբեգի բինեն մարդու մոտ ու հայտնեց, թե թուրքերի թագավորը «թախտից ընկել ա», ռսի ղոշուն ա եկել, որոնց «բոլշևիկ» են ասում, թե հայոց թագավորությունն էլ հրամայել ա, որ «խումբերը» հեռանան, ու տեղը հիմի նոր զորք ա գալիս, թե հիմի էլ առաջվա պես ամեն պատահած մարդու կռիվ չեն ուղարկում, այլ ով որ հին ժամանակ ռսի թագավորի ծառայած զինվոր է, նրանց են հավաքում, և ստիպեց Կիկոսին, որ թողնի քյոխվա Սարիբեգի բինեն ու գնա տուն, իրենց ցավը քաշի։

Կիկոսը լսեց, լսեց, մտածեց ու կնկանը, թե՝ — Կնի՛կ, կտաս գլուխս մի խաթի կբերես, արի ձեռ քաշի ինձանից, գնա բանիդ։