Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անմիջապես կրակ տու խոտի դեզը և ինքդ փախիր հեռու, ջաղացը չմտնես, գնա ուր կուզես, միայն կրակից հեռու կաց։ Տե՛ս, ժամանակին արա, չուշանաս, քեզանից շատ բան է կախված։

— Լավ, Արսեն ջան, համա Արմենս ո՞րդի ա, սաղ ա՞։

— Սաղ ա, առողջ, թե գործներս աջող գնա, էգուց առավոտ կտեսնես, դե՛, մնաս բարով, կռիվ է, վայ թե էլ չտեսնվենք։

Անտոնը լացակումած ձեռքը մեկնեց Արսենին, որն ուժեղ թոթվեց ու դուրս թռավ ջաղացից։

Անտոնը լուցկու տուփը ձեռին կանգնած է ջաղացի դռանը, կարծես թե նրան տեղնուտեղը մեխել են, որ չշարժվի։ Ականջը սրել է, աչքերը հառել դիմացի սարի գագաթին։ Ե՞րբ է պայթելու Արսենի հրացանը... Րոպեներն օրվա չափ երկարում են։ Անտոնը սառել է, նրան թվում է, թե ինքը տեղից չի կարող շարժվել, փորձում է, չէ՛, կարողանում է, կարող է մինչև անգամ վազել։

Դիմացի սարին մի լույս երևաց, կարծես մեկը լուցկի վառեց. «Շը՜ր․․․ա՛խկ», լսվեց հրացանի ձայնը։ Արսենի հրացանի ձայնն էր։ Անտոնն առաջին պահ ցնցվեց, շփոթվեց, լուցկու տուփը ձեռքից ցած ընկավ, ամբողջ մարմնով դողում է։ Ի՞նչ պատահեց... Նրա գլուխը պտտվում է, քիչ է մնում գետին գլորվի, կռացավ, թե լուցկու տուփը բարձրացնի, ոտները դողում են, հիմի կծալվեն և էլ չեն շարժվի... «Տո′ տղամարդ չե՞ս»,— ինքն իր վրա գոռաց Անտոնը և իր իսկ ձայնից սթափվեց, ուժ տվեց ոտներին, վազեց դեպի դեզը։ Վառեց լուցկին, չորս կողմից կրակ տվեց ու փախավ դեպի դիմացի սարի կատարը։

Դեզը վառվում է։ Ծխի ծիրանի քուլաները բարձրանում, խառնվում են երկնակամարը փակած մառախուղին։ Դեզը բռնկեց, ալավը խանձում է երկնքի փեշերը, շուրջը մեծ լույս է։ Անտոնի սիրտն անհանգիստ տրոփում է, նա շունչն իրեն քաշած նայում է մեկ դեզի բոցերին, մեկ հեռվում, դիրքերի մոտ կատաղի որոտացող կրակոցների կողմը, որոնց ձայնը հետզհետե խլացուցիչ է դառնում։ Դիրքերում ինչ-որ աղմուկ բարձրացավ, շփոթություն է տիրում։ Գյուղին մոտ սարի գլխից մի ձայն կանչում է.