Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դե՛, Անտոն բիձա,— ասում է Կուպրը, դիմելով շշկլված, գլուխն ուրախությունից կորցրած Անտոնին,— էս տունը քեզ փեշքեշ, ե՛կ, ապրի քու տանը, հալալ ա քեզ։

— Չէ՛, Վարթևան ջան, էս տանը ես ապրողը չեմ, էս տունն էլ ձեզ, ջաղացն էլ ձեզ, ես էլ ձեզ, ոնց որ էս տունն օրես դենը խալխինն ա, թող իմ ջաղացն էլ խալխինն ըլի, ես էլ նրա նոքարը, նրա ջաղացպանը։ Ես էլի կգնամ իմ ջաղացը, սարք ու կարգ կանեմ, կպահեմ, նրանից եկած օգուտն էլ թող խալխի քյասիբին ըլի, նրա փորը կուշտ պահի, տկլոր մարմինը ծածկի, ես գնում եմ ջաղացը։

— Բա ուրիշ էլ ի՞նչ խնդիր ունես, ասա կատարենք։

— Ոչի՛նչ, ձեզ ջան սաղութին եմ ուզում, մենակ... մի բան ասեմ...

— Հը՞, ինչ կա, ասա։

— Սոլոմոնը ո՞րդի ա։

— Սոլոմոնը բռնված ա։ Երբ որ իմաց են տալիս, թե խոտի դեզն էրվում ա, վեր ա կենում թե գնա, տեսնա ով աարել, ճամփին բռնում են տղերքը, քիչ ա մնում շանսատակ անեն, բայց էլ ձեռ չեն տալիս, բերել են՝ հրեն իրեն գոմը գցած, մի քանի ուրիշ իրեն պես մարդկանց հետ։

— Էդ լավ ա,— ուրախացած ասում է Անտոնը,— մենակ մի բան խնդրեմ, թե նոր օրենքին հակառակ չի...

— Ի՞նչ...

— Դու հո գիդաս, որ ես իմ օրումը ճանճ էլ չեմ սպանել, համա շատ սրտով ուզում եմ, որ էդ անօրենի դատաստանն ինձ տաք, իմ ձեռով անեմ, թե կարելի ա...

— Լա՛վ, Անտոն բիձա, դու գնա բանիդ, ես քու ուզածը կհայտնեմ մերոնց, ինչ որ վճռեն, քեզ իմաց կտամ։

— Շատ եմ խնդրում։

***

Անտոնն իջավ դեպի ջաղացը, մոտեցավ խոտի դեզի տեղին, տեսավ, թե ինչպես ռումբերը երկու խոր փոս են գցել, զարմացավ, ինքն իրեն փսփսաց՝ «էնդուր էր ասում, թե հեռու փախիր կրակիցը, հա՜... Հալբաթ գիտեր էլի էս բանի հունարը»։ Մտավ ջաղաց։ Ջաղացը ցեխոտ էր, կեղտոտ, իրերն իրար խառնված, թափած-թափթփած։ Անտոնը սրբեց,