Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարգի գցեց ամեն ինչ, մոտեցավ մեծ կոտին, ստուգեց, ցորենը հո չե՞ն տարել... Չէ՛, տեղն է։ Ցորենը լցրեց ջաղացի տաշտը, ջուրը կապեց, քարն սկսեց պտտվել։ Անտոնը սրբեց ալրի տաշտը։ «Դե՛, քար ջան, իմ անբաժան ախպեր ջան, օրես դենը լավ աղա, մինչև էսօր մի մարդու համար ես աշխատել, օրես դենը մի սաղ գեղ ես պահելու, աշխատանքդ ավելի մեծ ա ու ավելի օգուտավոր»,— ասաց նա ու սկսեց մի երգ դնդնացնել։

Անտոնը վերջացրեց իր գործը, բայց սիրտը չէր հանգստանում, նա չէր կարողանում առաջվա պես ջաղացում նստի, ուզում էր գյուղ գնա, նոր-նոր բաներ իմանա, թերևս ինքն էլ մի բանի պետք գա, մի գործ կարողանա կատարի, չէ՞ որ այժմ շատ բան կա անելու։ Բայց ջաղացն ինչպե՞ս անտեր թողնի։ Չէ՛, ջաղացն անտեր չի կարելի թողնել։ Գոնե մի մարդ գար, մի շունչ երևար, որ լուր բերեր։ Արմենը գնաց, ո՞վ գիտե ինչպես են գնում նրա գործերը...

Մտածմունքները տանջում էին Անտոնին, երբ ջաղացի դուռը ճռռալով բացվեց։

— Բարի իրիկուն, Անտոն բիձա։

— Բարու տեր ըլես, Միդի ջան, խեր ըլի, ի՞նչ կա էս մթանը։

— Գնանք, Կուպրը կանչում ա։

— Բա ջաղա՞ցը։

— Փակի։

Անտոնն ու Միդին գնացին։ Ամբողջ ճանապարհին զրույցը պտտում էր պատերազմի շուրջը։ Միդին հետաքրքիր բաներ էր պատմում թե՛ կռիվներից և թե՛ բոլշևիկներից։ Տեղ հասան։ Անտոնը բարձրացավ վերև, Սոլոմոնի տան երկրորդ հարկը, ուր այժմ գյուղի Հեղկոմն էր տեղավորված: Կուպրը նստած էր սեղանի մոտ մի երիտասարդ կարմիրբանակայինի հետ, որը զանազան թղթեր էր կարդում։

— Նստի՛, Անտոն բիձա,— ասաց Կուպրը։

Անտոնը նստեց ու սկսեց դիտել Կուպրին ու կարմիրբանակայինին։ Նա ակամայից վերհիշեց այն գիշերը, երբ Կուպրի տեղ խմբապետն էր նստած և իրեն հարցուփորձ էր անում։ Մտքերի թելն ընդհատեց Կուպրը։