Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեսը խաչակնքելով ճամփա ընկավ դեպի գյուղ, ականջները խլշած պահելով, որ ձեն-ձուն իմանա թե չէ՝ իրան բութեն տա։

Նոր էր հասել «բաղերի քուչին», երբ դիմացի այգուց խոսակցության ձայն լսվեց․ ոտը կախ արավ, ականջները սրեց, բան չհասկացավ, մին էլ էն տեսավ՝ կողքի չափարի գլխովը մի «խումբ» ձին թռցրեց ու գլխավերևը կանգնեց։

— Ծո՛, ինձի աշե, վո՞վ ես․․․ — ձայն տվեց ձիավորը։

Կիկոսը բնազդաբար գլուխը վեր քաշեց։

— Ծո՛, իշու ձագ, դու նորե՞ն դիրքերու մեջ չես. փախած ես. որտե՞ղ էիր․․․

— Ես քյոխվա Սարիբեգի նոքարն եմ, նրա ղուլլուղչին,— կմկմաց Կիկոսը։

— Ձա՛յնդ, իշու ձագ, քյոխվա, շուն ու գել իրար կպաշտպանեք, կռիվ չեք երթա, կպահվեք, հանցանքը և կռվին անհաջողությունը մեզ վրա կբարդեն։ Քալե՛ ֆռոնթ... Քալե՛ ֆռոնթ...

— Ծո՛, Հազրո, վո՞վ է,— ձայն տվին դիմացի այգուց։

— Մեկ անգամ բռնած մարդերնիս։

Հազրոն ու իր ընկերը, որ ճանաչել էին Կիկոսին, հայհոյելով քշեցին դեպի դիրքերը։ Նրանք գազազած էին, որ իրենց հեռացնում են և տեղը նոր զորամաս նշանակում, ուստի և գյուղից դուրս, այգին ու անտառները ընկած մարդ էին որսում և քշում դիրքերը, որպեսզի իրենց գոյությունը դրանով արդարացնեն, թե դասալիքներին բռնոտում, դիրքերն են քշում։

Լավ էր, որ չծեծեցին Կիկոսին։ Իսկ չծեծեցին, որովհետև նախ ճանաչեցին ինչ անպետք մարդ լինելը, երկրորդ էլ․․․ նա լուռ հպատակվում էր նրանց ամեն մի կարգադրությանը, թեև շատ բան նրանց ասածներից չէր հասկանում, բայց խոսքընդմեջ գլխի էր ընկնում, որ նրանք շատ կատաղած են գյուղացիների վրա և պատրաստ են բոլորին կոտորելու։

Կիկոսը հոգնած ու ջարդված հասավ մի սարի գլուխ, որտեղ նրան մենակ թողին «խումբերը», պատվիրելով, որ իջնի ցած և անցնի աոաջին դիրքերը, որոնք երևում էին սարի ծայրից, ու իրենք ետ դարձան։