Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տան դառնա ու քյոխվից իրավունք խնդրի իր մարդու համար: Կինը խնդրեց, որ Կիկոսն էշն իրան տա, մինչև գյուղ հասնելը նստի, բայց Կիկոսը երկար ժամանակ չէր համաձայնում, վախենալով թե էշից կարող է զրկվել վերջնականապես, վախենում էր, թե «խումբերը» կխլեն. բայց և այնպես համաձայնեց տալ։ Ու երբ գոմից դուրս բերեց, չուլեց ու կնկանը վրան նստացրեց, խանդաղատանքով տրորեց իշի աչքերը, սղալեց գլուխը, որի միջոցին էշը շոյված տիրոջ փաղաքշանքից, դուդեն վեր բարձրացրեց ու հոտոտեց Կիկոսի դեմքը, կարծես փնտրելով նրա շրթունքները, որ համբուրի։ Կինը, որ դիտում էր այս Կիկոսային և իշային սիրո փոխադարձ գգվանքները, գլուխը կամաց տմբտմբացրեց ու «մնաս բարովի» փոխարեն «չանչ» արավ Կիկոսին՝ ասելով.

— Հողեմ էդ շաշ գլուխդ, մի սաղ օր ու գիշեր ա ղոնաղ եմ եկել կուշտդ, իսկի մի անգամ էլա չմոտեցար ինձ. մի անգամ էլա գլուխս չսղալեցիր... մի իշի չափ էլ չկա՞մ...

էշը ճանապարհվեց, իսկ Կիկոսը կնոջ ասածների վրա քիչ միտք արավ, միտք, ու երբ նկատեց, թե կինն արդեն ծածկվում է, ետևից գոռաց.

— Աղջի՛, իշին լավ մուղայիթ կաց. նեղանալ մի, մտահան եմ եղել...

Երեք օրից քյոխվի տան նոքարն եկավ ու Կիկոսին իրավունք տվեց երկու օրով գյուղ վերադառնալ, միայն շատ մեծ զգուշությամբ, որ «խումբապետը» չտեսնի։

— Արա՛ Մուխի, բա կնիկս եկավ ասեց, թե՝ «խումբերը» քաշվել են, էդ ո՞նց զադ ա, դու էլ ասում ես՝ ծածուկ ման գամ։

— Հա՛... չէ՜... — սուտը բռնվածի պես կմկմաց Մուխին ու ավելացրեց,— ղորթ ա, գնացել են, համա խումբապետը մի 10—20 հոգով հալա գեղումն ա, նոր շտաբ պիտի գա, որ նա փոխվի:

— Բա հիմա ես ո՞նց անեմ, գնա՞մ թե չէ՜... — հուսահատ հարցրեց Կիկոսը։

— Գնա՛, գնա՛, քեզ ճանաչո՞ղն ով ա, գնա բանիդ, թե որ մի խաթի էլ ռաստ գաս, քյոխվեն սաղ ըլի, ընդեղ չի՞, կազատի, էլի...

— Հալբաթ որ քյոխվեն սաղ ըլի.. ասաց Կիկոսն ու