Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կիկոսը վազեց։ Էշն էլ էր տեղ հասել, ինքն էլ. բայց Իվանը չկար։ Կիկոսը բարկացավ էշի վրա.

— Բա էդ խի՞ կանգ առար, հայվա՜ն, դե գնա, է՜, գնա Իվանին գտիր, քեզ որ ասում եմ Իվանն էտեղ չի, հավատում չե՞ս, հիմի մեր բանը ո՞նց պըտի ըլիլ...

Կիկոսը մի քիչ կանգնած մնաց, մտածելով, թե դեպի որ կողմը գնա, որտեղ գտնի պոպոզավորներին, բայց չկարողացավ մի ճամփա մտմտալ։ Թարսի պես էլ օրը ցուրտ էր։

«Էս խեղճ հայվանի բեռն էլ ա թափեմ, մեջքը կկոտրի»,— մտածեց Կիկոսն ու փայտը թափեց։ Էշը բեռիցն ազատվելով, քուցին-քուցին արավ, մեջքը թափ տվեց ու պինչը տափերին քսելով սկսեց խոտի մնացորդները ղռընդացնել, իսկ Կիկոսը փայտի մոտ նստեց, թե մի լավ միտք անի ու որոշի ուր գնալ։ Նրա միտքը էնքան մոլորվել էր, որ նստած տեղը քիչ մնաց փետանա, սառչի ու մի ասող էլ չկար, որ գոնե կրակ անի, տաքանա։

Էշն էլ, որի մարմնի տաքությունն անցել էր ու կամաց–կամաց սկսել էր սառչել, զարմացել էր, թե ինչու Կիկոսը չի մոտենում իրան, մեջքը չի տրորում ու չուլը վրան գցում, որ չմրսի։ Նա համբերությունը հատած, մոտեցավ Կիկոսին, հոտոտեց ու պոչովը կամաց բզեց նրա ուսը։ Կիկոսը լուռ էր. նա իշի փաղաքշանքին չպատասխանեց, էշը քիթը վերքաշեց ու բերանը բաց արավ, պռոշները պրպտացրեց ու թամամ Կիկոսի ականջի մեջտեղը մի պինդ զռաց։ Կիկոսը գլուխը կամաց թեքեց, որ իշի ձենն ականջը չընկնի, ու գորովագութ ձայնով ասաց.

— Կանչի՛, կանչի՛, քե մատաղ, կանչի՛, բալքի ձենդ Իվանին հասնի, ետ գա։

Բայց ո՞վ էր տվել Իվան...

էշը մին էլ փռռացրեց, քթածակերը մաքրեց, որ իր զուռնեն է՛լ պինդ փչի, երբ մի գյուլլա հըզզ արավ... ու թամամ իշի հետևի ոտների մեջտեղը։

— Պա՛հ քու տերը մեռնի, շշկլված գյուլլա, քիչ մնաց իշիս ոտները ջուր աներ. էս անտերը ո՞րդիան եկավ.., — տեղից վեր թռավ Կիկոսը և ուզեց իշին հեռացնի, բայց հենց վեր կենալը տեսավ, մի գյուլլա էլ շվշվացնելով իրա ականջի մոտովն անցավ։