— Պա՛հ քու տերը մեռնի, էս անտերը քիչ մնաց քյալլես շուռ տար,— ասաց շշկլված Կիկոսն ու մտավ իշի փորի տակը։ Բայց դեռ մի վայրկյան չանցած՝ երրորդ գնդակը թրմփաց նրա ոտների մոտ։
— Հալբաթ մեզ տեսնող կա, էլի՛,— փնթփնթաց Կիկոսը,— թամամ գյուլլախորով պտեր անիլ, մի հարցնող ըլի, թե Կիկոսը դրանց ի՞նչ ա արել, հու հետները կռիվ չի անում որ...
Չորրորդ գնդակն իշի աջ ականջի ծայրին կպավ, ու էշը ծուլ ելավ, ետի ոտներով տուր թե կտաս Կիկոսի մեջքին ու փախավ։
— Ա՛ տերը մեռած, ո՛ւր ես փախչում, էս անվիրու-վիրու[1] չոլում ինձ մենակ թողնում, էս հարամ գյուլլի ռխին, — ճչաց հուսահատ Կիկոսն ու վեր կացավ, թե ինքն էլ փախչի, երբ հեռվից մի ձայն նրան կանչեց.
— Ստո՛յ, ստո՛յ...
Կիկոսը տեղը կանգնեց ուրախացած. «հալբաթ Իվանն ա»,— մտածեց նա ու ձայն տվեց.
— Արի՛, Իվան ջա՛ն, արի՛, ես քու հոգուն մատաղ, ընհենց չոր դրավա եմ բերել, ոնց որ սպիչկա։
Ձայնն այս անգամ ավելի մոտիկից էր գալիս, որ էլի «ստոյ» էր կանչում։
— Արի՛, Իվան ջա՛ն, արի՛, տեսնում չե՞ս, տեղիցս ժաժ չեմ գալի, էս ա կաղնած եմ, էլի, էլ սրանից լավ ո՞նց ստոյ անեմ... համա էշս գիտեմ ոչ ինչ էլավ...
Ձայնը «ստոյ, ստոյ» անելով մոտեցավ, բայց ձայնատերն Իվանը չէր։ Ասենք որ Իվանը չէր, էդ ոչինչ, բայց պոպոզավոր էլ չէր, մի շատ սովորական սալդաթ էր, ռուս թագավորի ժամանակի սալդաթի նման, որը հրացանը թամամ Կիկոսի դոշին նշան բռնած մոտենում էր։ Մոտեցավ, մոտեցավ ու մի պինդ բղավեց.
— Ստո՛յ, բալշևիկ, թե չէ հրես ջիգյարդ գյուլլիս ծերով թիկունքովդ կհանեմ։
Կիկոսը նոր հասկացավ, որ Իվանը չի, հայ է, բայց լավ չէր ջոկում, թե ով էր եկողը։
- ↑ Անվայրի-վայրի։