Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ ո՞նց չես ճանաչում, քանի բութիլկա արաղ կըլեմ քեզ փեշքաշ բերած, քանի-քանի անգամ կըլեմ հունձդ արած, կոռդ քաշած... ըսենց էլ կրակ կըլի՞... Մարդու էլ իրան գեղումը, իրան տանը ճանաչեն ոչ...

Քյոխվա Սարիբեգը ձենից նոր ճանաչեց Կիկոսին ու մոտենալով նրան, վրան բարկացավ.

— Կիկո՛ս, գլուխդ մեռնի, ի՛նչ Կիկոս ես, բա որ դու ես, խի՞ չես վախտին ձեն հանում, էս խալխին էլ քիչ մնաց խաթի մեջ գցես...

— Քյոխվա ջան, քու արևին մատաղ, բա էլ ո՞նց ձեն հանեմ, էլ փորումս ձե՞ն ա մնացել, որ հանեմ... Էդ սև ռիվոլը տենողի փորումը ձեն, բերնումը լիզու կմնա՞... Դու իմ սրտի հալը գիտես ո՞չ...

— Ուրեմն ճանաչո՞ւմ եք սրան,— դարձավ ափիցար աղեն քյոխվին։

— Հրաման քեզ, պարոն ափիցար, ճանաչում եմ։

— Դե շուտ ասա ազգանունդ,— կրկին պնդեց ափիցար աղեն, վրա պրծնելով Կիկոսին։

Կիկոսը լուռ էր։

— Քեզ չեմ ասու՞մ, է՛յ, Կիկո՛ս ես, ինչ իշի պկու ես...

Կիկոսը կրկին լուռ էր. նա չէր հասկանում, թե ինչ է ուզում ափիցար աղեն, երբ քյոխվա Սարիբեգը միջամտեց.

— Ադա, խի՞ չես փամիլդ ասում։

— Փամիլը՜ս... Դե հայերեն ասա, որ հասկանամ, էլի՛... Փամիլըս Թոփալանց Մակիչի տղա Կիկոս ա, էլի, խի՞, ափիցար աղեն գիդում չի՞, էս գեղումը մի հատ Կիկոս կա, Թոփալանց Կիկոս, էն էլ հրես ես եմ:

— Գրի՛, Թոփալով Կիկոս Նիկիտովիչ, օն ժե Մակիչովիչ։

Գրագիրը գրեց, որից հետո սկսեց մի երկար պատմություն, թե երբ է ծնվել Կիկոսը, ինչով է պարապել, հայրն ու պապը ինչով են զբաղվել, ինչպես է ծնվել, աչքերը ծնված օրից շլդիկ են եղել, թե հետո են ծռվել, ինչու են գյուղացիք նրա Կիրակոս անունը Կիկոս դարձրել, և հազար ու մի տեսակ նման հարցեր էր տալիս, որոնց Կիկոսը չէր Կարողանամ պատասխանել, և նրա փոխարեն քյոխվա Սարիբեգն էր ասում, շատ սուտ ու ղորթ խառնելով։