Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կիկոսը կանգնած տեղը փետացել էր. կեսգիշերն անց էր, իսկ հարցաքննությունը դեռ չէր վերջացել։ Կիկոսի ոտները հոգնածությունից մժմժում էին, կարծես մեկը եղինջով նրա ոտները թակելիս լիներ։ Գլուխն էնքան էր հոգնել ու ծանրացել, որ կարծես արճիճ էին լցրել։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ափիցար աղի ինչին են պետք նրա կյանքի ամբողջ մանրամասնությունները, որ ինքն էլ իսկի լավ չգիտեր...

Վերջապես հասան տեղը, երբ «խումբերը» նրան բռնեցին ու քշեցին դիրքերը, որից հետո քյոխվա Սարիբեգն այլևս չէր կարող օգնել ու մնում էր, որ Կիկոսն ինքը պատմի։ Բայց Կիկոսը ո՞նց պատմի, որ նրա գլխումը ո՛չ խելք էր մնացել, ո՛չ հարաքյաթ։ Կիկոսը ռուս թագավորին ծառայած, նրա ժամանակ զինվորություն արած տղերանցից շատ էր լսել, թե ափիցարները շատ տանջանք են տալիս, բայց սրա բանը, էս ափիցար աղի արարքը ամեն բանի տվեց անցկացավ:

— Դե հիմի դու շարունակի պատմել, թե ի՞նչ էիր շինում մեր դիրքերում, ինչո՞ւ փախար ու անցար թշնամու կողմը և ի՞նչ տեսար այնտեղ,— դարձավ ափիցար աղեն ու էլի մի պապիրոս վառեց։

Սենյակը լցվել էր ծխախոտի ծխով. Կիկոսի շունչը կտրվում էր, կոկորդը խանձվում։ Նրա կատիկը ցամաքել էր, լեզուն չորացել, նա ուզեց բերանը բաց անի ու ասի, որ ինքը ոչինչ չգիտե, ոչ մի բանից տեղեկություն չունի, երբ նրա ծանրացած գլուխը պտույտ եկավ ու էսօր ես գնացել, թե երեկ՝ «թրը՜մփ» փռվեց հատակին։

Գրագիրն ու քյոխվան վրա վազեցին, երեսովը ջուր տվին, քունքերը տրորեցին, գլուխը վեր քաշեցին ու մի ջրով լի բաժակ մոտեցրին նրա կապտած շուրթերին։ Կիկոսը հազիվ կում արավ ու ջերմոտի պես սկսեց սրթսրթալ։

Ափիցար աղեն, որ ամենի հանդեպ անտարբեր էր, իրեն-իրեն մռթմռթաց ռուսերեն։

— Ադա, բա քեզ նամուս չունե՞ս, ի՛նչ ելավ քեզ, խելքդ գլուխդ հավաքի,— կես խղճահարված ձայնով սաստեց քյոխվան Կիկոսին։