Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանում, ու երբ գոմի դուռը բաց արին և առաջարկեցին ներս մտնել, նա զինվորներին մի բան հարցրեց միայն.

— Ձեզ մատաղ, բա է՞շս որտեղ ա...

VIII

Քյոխվա Սարիբեգի ու Կիկոսի հեռանալուց հետո սպան ջղայնացած ինքն իրեն մռթմռթաց. «Դրա լեզուն պետք է տակիցը կտրել, ոչինչ չի ասում, ոչ մի խոսք»... ու հանկարծ հիշելով, որ Կիկոսի հետ ուրիշ մարդիկ էլ կային, բարձր գոռաց.

— Է՛յ, պահա՛կ։

Պահակը ներս եկավ։

— Ի՞նչ արիր բալշևիկի հետ բերած տղաներին։

— Նրանք դիմացի սենյակում են, պարոն օֆիցեր։

— Ներս ուղարկիր բոլորին։

Պահակը «լսում եմ» ասաց ու մի րոպե չանցած, վեց հոգուն էլ քնահարամ արած ներս բերեց։

— Ո՞վ է բռնել բալշևիկին,— հարցրեց սպան։

— Ի՞նչ բալշևիկ, աղա,— հարց տվեց մեկը, նայելով ընկերների երեսին, որոնք նույնպես հայացքները փոխանցելով կարծես ուզում էին տեղեկանալ իրարից, թե խոսքն ում է վերաբերում։

— Ինչպե՞ս թե ինչ բալշևիկ, ա՛յ էն, որ ձեզ հետ միասին էստեղ էր։

— Կիկո՜սը...

— Այո՛, հենց նա։

— Աղա, նա ո՞րտեղի բալշևիկ ա, էն խեղճ եսիրը,- քմծիծաղեց Ունանը, որի քմծիծաղին միացան և մյուսները։ — էն հո իմ փեսա Կիկոսն ա, իմ քվոր մարդը։

— Քո փեսա՞ն... Այդ լավ է, շատ լավ է,— գոհունակության ժպիտը դեմքին ասաց սպան։ Ապա ծխախոտը վառելով մոտեցավ Ունանին ու խորամանկ տոնով հարցրեց.

— Դու լա՞վ ես ճանաչում նրան։

— Լա՜վ... հինգ մատիս պես, իմ փեսան չի՞...

— Իսկ դու տեսա՞ր, թե նա ինչպես էր կռվում մեր դեմ։

— Չէ՛, աղա, ես նրան էն վախտը տեսա, որ մեզ բերող սալդաթը բռնել էր ու մեզ էլ կանչեց, թե բալշևիկ է բռնել.