Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Թե Կիկոսն իմ գիտեցած Կիկոսն ա, գլուխը թակես էլ, նա իր տանից ոտը դուրս դնող չի, չի փախչիլ».– մտածում էր քյոխվա Սարիբեգը մեռլատիրոջ պես՝ Կիկոսի գլխավերևը կանգնած. «Համա ես ո՞նց զամուն ըլնեմ էս ղայդի խառնակ, հերը որդուն ուրացած ժամանակը, չո՛րտն ա խաբար, բալքի էս մի քանի օրում բալշևիկնին Կիկոսին փոխել, մարդ են շինե՞լ... հըը՜... չէ՜, իմ բանը չի.– վճռեց քյոխվեն միտը բերելով թուրքերեն առածը, թե՝ «Բորջուն յոխտուր գյեթ ղամին օլ», այսինքն՝ «Պարտք չունես — գնա երաշխավոր եղիր»։ Գլուխը կամաց թափահարեց քյոխվա Սարիբեգն ու մի կողմ քաշվեց ափիցար աղին խնդրելով.

— Պարոն ափիցար, թե ես էլ անելու բան չունեմ, ինձ մուրախաս արեք[1], գնամ տուն...

— Հը՞... — ցուցամատը ճակատին դրեց ափիցար աղեն ու մտածեց, կարծես ցուցամատով փնտրում էր իր ուղեղի մեջ պատասխանը, որ դուրս քաշի։

Քյոխվա Սարիբեգի համար ստեղծվել էր մի հոգեմաշ դրություն. «Վայ թե ափիցար աղեն իրեն էլ թույլ չտա տուն գնալու, ի՞նքն ինչ հանցանք ունի, հո ի՞նքը չի Կիկոսին բալշևիկ շինել»...

— Դո՜ւ...ո՜ւք... — ծոր տվեց վերջապես ափիցար աղեն,— դուք կարող եք գնալ, բայց դեռ լույսը չբացված այստեղ պիտի լինեք։ Այս մեկ, երկրորդն էլ, ոչ մի մարդու բան չպետք է ասեք այն մասին, ինչ այստեղ կատարվեց, հասկացա՞ք, թե չէ լեզուդ ծոծրակովդ կհանեմ...

— Ես ղուլլուղ արած մարդ եմ, երեկվա երեխեն հո չեմ... — պատասխանեց քյոխվա Սարիբեգն ու դուրս գնաց։

— Կարգադրեցեք, որ էս լեշը տանեն, գոմը գցեն, ու մի պահակ էլ դռանը կանգնեցնեն,— պատվիրեց ափիցար աղեն գրագրին։

Գրագիրը դուրս գալով երկու զինվոր կանչեց, որոնք Կիկոսին բարձրացրին ու թևերն ընկած դուրս տարան։ Նա դուրսը մաքուր օդից ուշքի եկավ, թեև լավ չէր հաշիվ տալիս իրեն, թե ուր է ինքը, և ովքեր են իր թևերը մտած

  1. Արձակեք: