Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչդեռ քյոխվան սատանի լեզու էր բանեցնում, որ խալխին հանգստացնի, Ունանը Կիկոսի թևից բռնած բերեց։ Կիկոսին աոաջին տեսքից ոչ ոք չճանաչեց, բայց նրա գլխի պոպոզը, կախված ականջներն ու երկարափեշ շինելն ամենքի ուշքը գրավեցին, և նրանք թողնելով իրենց աղմուկ–աղաղակը քյոխվի ու ափիցերի դեմ, իրար հրելով շուռ եկան դեպի Կիկոսը, որի ընդհանուր տեսքը մի ողորմելի տպավորություն էր թողնում։ Ամեն կողմից հարցերի տարափ տեղացին Ունանի գլխին.

— Ադա էդ ո՞վ ա, Ունա′ն. ո՞րտեղացի ա. էդ ո՞րտեղից հանեցիր...

— Էդ ի՞նչ միլլաթ ա, հայավար խոսալ գիդա′... Ունանը ձեռքը վեր բարձրացրեց, նշան տալով, որ լռեն։

— Ճամփա տվեք, թող անց կենանք հասնենք ափիցար աղին․ էս մարդը բալշևիկ ա, երեկ ենք բռնել դիրքերումը...

Գյուղացիք բալշևիկ անունը լսել էին, բայց չէին տեսել․ ամեն մեկը աչքերը չռած ուզում էր մի լավ դիտել ու գաղափար կազմել, երբ մեկը մոտենալով Կիկոսին, դեմքը մի լավ զննեց ու բացականչեց.

— Արա′ Ունան, ղո՞րթ ա, ասում էս բալշևիկ ա, համա աչքերն էնքան նման ա Կիկոսին...

Խալխը էս սրամտության վրա ծիծաղեց։

Բորբոքված տրամադրությունն անցել էր, երբ Կիկոսին Ունանը թևից քաշելով, մի կերպ խալխի միջից ազատելով, գցեց ափիցար աղի սենյակը բղավելով.

— Ըհը′, էս էլ քու բալշևիկ Կիկոսը, մի ասա տենամ՝ ի՞նչ ես ուզում էս խեղճ ու կրակիցը, որ էնքան չարչարում ես. հրես լեզուն կապ ա ընկել։

Սպան տեսնելով Կիկոսին, ուրախացավ, որ ո՛չ փախել է, ո՛չ էլ մի բան է պատահել։ Նա ենթադրում էր, թե Կիկոսը կամեցել է գոմից փախչել, նրան պահակը սպանել է, իսկ գյուղացիք բորբոքված եկել, պահանջում են իրենց մարդուն։

— Վա՜յ Կիկոս, գլուխդ տափը դնեմ ինչ Կիկոս ես. էսքան ղալմաղալը սարքեցիր մեր գլխին, — գլուխը պտույտ տալով ասավ քյոխվա Սարիբեգը ու դառնալով սպային՝ ավելացրեց, — թող գնա կորչի իրան տուն․ քեզ ասում եմ՝