Գնանք բերենք, թող Ռևկոմ դառնա, թե որ էս մեծավորը համոզվի...
— Ընկեր Կիրակոս, գյուղացիք ուզում են, որ դու Ռևկոմի նախագահ դառնաս, ի՞նչ ես ասում։
— Ինչ պետք է ասեմ, հընգեր մեծավոր, ի՞նչ կոռից եմ փախել, որ էդ կոռիցը փախչեմ, գեղ ա, հրամայում ա, ես մի Կիկոս, ո՞նց ատկազ անեմ, մենակ ասեք, թե ի՞նչ պետք ա անեմ. Ռևկոմն ի՞նչ զադ ա։
— Ռևկոմի նախագահի պարտականությանն է գյուղը կառավարել. նրա ամեն հոգսն ու ցավը հոգալ, մի խոսքով՝ իշխանությունն է գյուղի մեջ։
— Հա՜... — ծոր տվեց Կիկոսը,— յանի ոնց որ քյոխվեն էլի։
— Այո՛, մոտավորապես էդպես մի բան, միայն ոչ քյոխվի պես անօրեն բաներ անող.— պատասխանեց մեծավորը և հենց ուզում էր շարունակել Ռևկոմի պարտականությունների բացատրությունը, երբ Կիկոսն ընդհատեց նրան.
— Հընգեր մեծավոր, արի մի բան ասեմ, համա նեղանաս ոչ։
— Ասա։
— Էդ իմ բանը չի, իմ տունն ինչ իմ տունն ա, էն էլ իմ կնիկն ա կառավարում, ես կարա՞մ գեղ կառավարեմ, միտքս վարիլ չի, խելքս կտրիլ չի. մի սխալ բան կանեմ, կտան գլուխս կթակեն, էսքան տարվա սաղ-սալամաթ պահած գլուխս...
— Իսկ եթե գյուղը իր պահանջի վրա պնդի, և ես էլ ստիպված լինեմ կարգադրել, որ դու Ռևկոմ մնաս, դրան ի՞նչ կասես:
— Դե որ հրամայես, ինչ կարամ անեմ, ես հրամանից կարամ փախչե՞մ։ Միթամ որ հիմի հրամայես, թե՝ Կիկոս, վեր կաց էն մեծ քարի ծերիցն ընկի, ջարդուփշուր արի, հրամանդ կարամ չկատարե՞մ, խի՛, ես քանի՞ գլխանի եմ... էս աշխարհը հեն ա ստեղծած, որ մեծավոր ու փոքրավոր ըլի. մեծավորը կհրամայի, փոքրավորն էլ կկատարի. ես որ կամ, էդ փոքրավորների ցեղիցն եմ, աստոծ ըտենց ա կամեցել, ինչ որ հրամայեք, կկատարեմ, համա ես մեծավոր դառնամ, գեղ կառավարե՜մ... սաղ աշխարհն ինչ կասի, թե