Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չընկնեմ, երեխեքս էլ թաց ու ցամաք անեն... Ես ասում եմ մարդ դառնանք, մարդավարի մեր հալալ ապրուստին, վարուցանին կենանք։

Մարդ ու կնկա կռիվն էնքան շատ չերկարեց, որովհետև Կիկոսն իր էշը գոմից դուրս քաշեց, չուլը վրեն գցեց ու առաջն արած մոտիկ անտառը չոր փայտի էր գնում։

Երբ Կիկոսն իրիկնադեմին անտառից տուն էր դառնում էշին չոր փայտ բարձած ու միտք անում, թե ինչպես պետք է Իվանն ուրախանա ու շնորհակալ լինի, սարի լանջին նկատեց, թե ինչպես մեծ ճանապարհով ձիավորներ է, որ քշած գնում են, հա գնում, դեպի վերև։

«Կռվի վախտը սհենց բաներ շատ կպատահի», միտք արավ նա ու բզեց իշին, որ առաջ շարժվի ու շուտ տուն հասնի։ Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ տուն հասնելուն պես նկատեց, որ Իվանի բրիչկեն (ինչպես ինքն էր ասում շարժական խոհանոցին) տան դռանը չի։ Նրա շփոթված հարցին կինը պատասխանեց, թե ինչ–որ պոպոզավոր կար, գնացին, կռիվը շարունակվում է, իսկ գյուղը մնացել է անտեր։

— Պա՛հ, կնիկ, հիմի որ տուններս քանդվեց, թե որ դրանք ըստիան քոչեցին։—Ապա իշի բեռը քանդեց ու կամաց ցած թափեց։

Գյուղում մի անասելի աղմուկ–իրարանցում կար։ Ամենքին ժողովի էին բերել։ Ռևկոմն ընտրված էր արդեն։ Մեծ մասը ջահելներ էին, իսկ նախագահը կռնատ Արտեմն էր, ձախ թևից զուրկ մի մարդ, որի կուռը Բաքու մաշինի տակն էր ընկել «Մանթաշովի պրոմըսլումը»։

Բացի Հեղափոխական կոմիտեից, գյուղն զբաղված էր մի բոլորովին նոր ձևի մարմնի կազմակերպությամբ. դա կոմբջիջն էր, կամ կոմյաչեյկան։ Ինչպես պատմում էր կազմակերպող կարմիրբանակայինը, դա, էդ յաչեյկան էր լինելու գյուղի ամենաաչքաբաց ղեկավար մարմինը, խորհրդային իշխանության արթուն հսկող աչքը։ Իհարկե, ամեն մարդ չի կարող մտնել յաչեյկան, ուստի առաջին հերթին յաչեյկայի անդամ դարձան էն գյուղացիները, որոնք այս կամ այն կերպ դժգոհ լինելով նախորդ իշխանության քաղաքականությունից, անցել էին Կարմիր բանակի կողմը և