Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զենքը դարձրել դեպի նախկին տերերը։ Այդպիսիների թիվը քիչ էր առայժմ, որովհետև շատերը չէին վերադարձել դեռևս շարունակվող կռվի դաշտից։

Կիկոսն, իհարկե, անմասն չմնաց այս ամենից։ Նրան էլ կանչեցին ժողովի, խոսեցին զանազան հարցերի մասին, որից նա շատ բան չէր հասկանում, և առաջարկեցին մինչև անգամ մտնել յաչեյկայի մեջ, բայց Կիկոսը հրաժարվեց։

Կիկոսի հատուկենտ պատասխանից երևաց, որ նա յաչեյկայի մարդ չէ, որից հետո նա թողեց ժողովը ու գնաց տուն ինքն իրեն միտք անելով էդ բաների վրա, թե ինչ է լինելու վերջը։ Նա կնոջ հետաքրքրությունը բավարարեց էսքան միայն ասելով թե՝

— Դրուստ ա, էդ յաչեյկան քյասիբ մարդկանց համար շատ օգտակար բան ա ասում, համա էն որ քյոխվի, սուդյի, առաջուց ստրաժնիկութին արածի, ուզբաշու[1], տերերի ու էդ տեսակ մարդկանց հակառակ ա, էդ մինը լավ չի...

Թազագյուլը էստեղ էլ մի լավ հայհոյեց իր անբան մարդուն ու հետաքրքրվեց, թե կնիկարմատը կարո՞ղ է մտնել յաչեյկա։ Կիկոսը չգիտեր։

— Քու գլխին փափախ դնողի, իմ գլխին լաչակ գցողի ձեռը կոտրի,— ասաց վրդովված Թազագյուլը, — հալա կաց մի տենամ, թե կնիկը Ռեմկո յա յաչեյկա կարա դառնա, տես աչքդ կհանեմ, յաչեյկա կդառնա՞մ, թե չէ...

Ամբողջ գիշեր գյուղը զբաղված էր իր Հեղկոմի և կոմբջջի կազմակերպությամբ։ Առավոտյան դեմ կռվից վերադարձան գյուղի տղաներից շատերը, որոնք ավելի կենդանացրին գործը։ Նրանք ափսոսանքով պատմում էին, թե ինչպես թշնամին իր հետ բանտարկված տեղից տարել է Կարոյին և փչացրել, այսինքն ճանապարհին սպանել։

Նոր կազմակերպված կոմբջջի առաջին հոգսն եղավ Կարոյի ընտանիքի դրությունը բարելավել, գոնե հացով ապահովել, որ երեխաները սովի ձեռին չկոտորվեն, ապա մի քանի թերահավատ մարդկանց կանչեց ու յաչեյկայի տղաներից երկու հոգու հետ միասին ճամփեց կայարան, որ վերջնականապես համոզվեն, թե ճամփաները դեպի

  1. Անտառապահ։