Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կիկոսը մի կերպ իշի բեռը վերցրեց, տուն մտավ, որ կնկանը մի լավ պատիվ անի, բայց տանը մարդ չկար։ Կրակի անթեղը քանդեց, փչեց պեծերին, ճրագը վառեց ու սկսեց քունջ ու պուճախը ման գալ։

— Էս ասենք թե ինքը տանը չի, բա էս լակոտնի՞ն ուրեն կորել,— փնթփնթաց նա։ Ապա դուրս գալով էշը գոմն արավ ու մեջքը տրորեց, խոտից-բանից առաջը գցեց ու կրկին վերադարձավ տուն։

Կիկոսը կրակ արավ, տրեխները հանեց, գուլպաները օջախի քարի վրա փռեց, որ ցամաքեն, տրեխների ցեխը մաքրեց, քանդված կղերը կապ գցեց, կարկատեց, սուտ-սուտ մլուլ արավ, որ քունը չտանի, միտք արավ Խուրշուդ–բեգի ասածների վրա ու հենց էդ մտքի ծովն ընկած էլի քունը տարավ, քնեց։

Կիկոսը շատ էր քնել, թե քիչ, մին էլ էն իմացավ, որ Թազագյուլը, տղեն ու աղջիկը աղմուկով տուն մտան։ Կիկոսն աչքերը տրորելով վրա նստեց ու հորանջելով դարձավ կնոջը.

— Էդ ո՞ւր եք կորել սաղ տնով-տեղով:

— Քեզ ինչ,— պատասխանեց Թազագյուլը։

— Ո՞նց թե... Ես էս տան տերն ե՞մ, թե չէ...

— Տան չէ, դու մի իշի տեր ես, իշի՛...

— Տեր մեղա՜,— փնթփնթաց Կիկոսը,— դու ինձ համբերություն տաս։ Ասելու ե՞ս, թե չէ... լակոտներդ առած կեսգիշերին որտե՞ղ ես ման գալիս, նամուսս ոտիդ տակն առած, բա հերիք չի՞...

— ժողով կար, սրանք գնացել էին կոմսոմոլի ժողով, ես էլ ուրիշ ժողով...

— Ի՞նչ ես դառել...

— Միթամ որ ասեմ, բեյինդ կմտնի՞... Մոպր եմ դառել, Մոպր,— պատասխանեց Թազագյուլը ու սկսեց անկողինները փռել:

— Էդ էլ ի՞նչ նոր բան ա...

— Հրես որ Սումբաթովանց մեզ տված հողի կեսը սաղ գեղով վարենք ու ցանենք, ինչ էլ որ հնձենք ու ծախենք, փողն էլ ղարկեն Եվրոպա, էնտեղի բալշևիկ ու մեկ էլ