Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԱՄԻՆ ԲԱԿԸ

Ա.

Նոր ճեղքված էր լույսը երբոր տերտերը ճամփա ինկավ ժամ երթալու համար, ոչ ոք կար փողոցներուն մեջ ու համատարած լռությունը որ հազիվ փարատվող գիշերեն կուգար, քահանային ոտնաձայնը հատիկ հատիկ կը լսեցներ:

Զառիվեր մը կ՚ելլեր վասն զի ժամը, ամուր ու ցած շենք մը որ հոսկե կը տեսնվեր, վերը՝ գեղին բարձունքին վրա էր։ Հևալով կը քալեր հովանոցի մը կռթնելով, սև թիպեթե ու քիչ մը գույնը կորսնցուցած աղքատի հովանոց որ գավազանի տեղ կը ծառայեր։

Երեսուն տարիե ի վեր միևնույն համաչափ քայլերով կ՚ելլեր այս փողոցեն վեր, այն ճշտությամբ որով արևը կը ծագեր, իր սիրական ժամը՝ իր աստուծուն քովը փութալոլ համար։

Երբոր դուռը հասավ, վայրկյան մը կեցավ լիաթոք շունչ մը առնելու համար ու նայվածքը շուրջը պտտցուց անգամ մը։

Իր աչքին առջև պարզվող այս հուլիսի առտուն շլացուց զինքը:

Վոսփորը կ՚երևար, կ՚ընդհատվեր հանկարծ: Նորեն կը