Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԵՐԱԴԱՐՁԸ

Ա.

Տասերկու տարվան անջրպետ մը:

Ամենահիմար սիրո մը ամենառամիկ վախճանին վրայեն անցած տարիներ։

Զատվիլ մը առանց կովի, առանց վեճի, առանց իրարու երեսի նետված ծանր խոսքերու, թունավոր նետերու նման զորս հեռացած փախած միջոցիդ կարձակես թշնամիին դեմ և որոնք անմիջական մահ մը չեն տար դիմացինին, աչք մեղմ, գրեթե չնչին խայթվածք մը. ասեղին ծայրը դպելու պես բան մը, որ սակայն ժամանակով՝ տարիներու ընթացքին մեջ՝ համրաբար իր դառնությունը, իր ցավը կը ծավալե բոլոր մարմնին վրա, ու անոր մնացորդ կյանքը, նույնիսկ էն անուշ անցյալը, մանավանդ թե այդ անցյալը կը ժահրոտե մշտնջենական թունավորումով մը, և հին սերը ատելության կը փոխե:

Ո՛չ, մերինը այդ անջատումներեն չեղավ։

Իր ընդոծին հպարտությունը և կնոջական բնազդը, որ քիչ անգամ կը սխալի. գուշակել տված էին իրեն՝ պարապը որ հետզհետե կը շինվեր, կը մեծնար, կը խորունկնար մեր սրտերուն մեջ. խոնջենքը որ կը ծանրանար վրաս ափսո՜ս: