Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զենքը. առջի հեղն է որ արյուն թափելու հարկը կը տեսնե որոշ ու հստակ, ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա։ Ո՞վ է այդ ապուշ էակը որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը: Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե։

Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարր կը թուլնա, ձեռքը կը քաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կ՚ելլե կրկին։ Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես, տուն չունի, ծանոթ չունի։ Կը խորհի որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա։

Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կը դառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կ՚առնեն։

<1893>