Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՌԵՀԱՆ

Ա.

Ան ատենն ալ առատ մազերը կը սիրեի ու քովընտի նստած՝ կը դիտեի ձյունսպիտակ ծոծրակին վրա ժողվված սև թումբը՝ պարտեզին մեջ տեղ տեղ դրված կազի լապտերներո լույսերուն տակ, շքեղ ու անբարբառ ցոլացումով որուն աչքերս հառած կը մնային։

Ինչե՜ր չէին ըսեր ինծի այդ մազերը. իրենց անմռունչ կեցվածքը՝ հո՛դ, այդ բարձունքին վրա, պարկեշտ ու վրդովիչ բան մը ուներ։

Հեռվեն՝ նայվածքս կը հետևեր անոնց շնորհալի շրջագիծին, կամակ ելևէջներուն, ըմբոստ պզտիկ թելերուն,— ըմբոստ՝ որպես են ամեն պզտիկները,— որոնք սանտրեն փախչելով կը դառնային կ՚իյնային վար, զսպանակի գալարումներով։

Քիչ քիչ, մտերմություն կը հաստատեի անոնց հետ. կը ճանչնայի զանոնք, գրեթե կը խոսեի հետերնին։

Ամենեն հաճոյալի անակնկալը եղավ երբ ինծի դարձավ իր դեմքը, գեղեցի՞կ. ոչ հարկավ, բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի պատկեր մը, հոգնած ու տրտում