Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բ.

Հիվանդանոց մտնելուս չորրորդ օրը, կարծեմ, վիրաբուժակալ գործողությունը կատարեր էին. քլորոֆորմին պարգևած անզգայության տակ՝ դանակի հոշոտումները չիմացա: Խելքս գլուխս եկած ատեն՝ երկարատև ընդարմացումե մը ելլող մարդու խոնջենքեն, վարանումեն զատ բան մը չկար վրաս: Եթե վերքս կապող ճերմակ լաթերը չըլլային, եթե քովս Հսկող գթության քրոջ՝ շարժում չընելու, պատվերը չլսեի, հիվանդանոց մտած օրես ի վեր վրաս փոփոխություն մը կատարված ըլլալուն չպիտի հավտայի բնավ:

Զգայությանս վերադարձին հետ սակայն պզտիկ ու խորունկ անհանգստություն մը որ տակավ ցավի կը փոխվիր կտրված պատռված միսերուս, ջիղերուս ցավը, սուր ու զայրագին բան մը որ հետզհետե սաստկանալով՝ հիմա անկողնեն դուրս նետվելու կը մղե զիս։ Կ՚երևա թե ասիկա նախատեսված է արդեն, վասն զի գթության քույրը, որ քովես չէ բաժնվեր վայրկյան մը, կը սրտապնդե զիս։

— Հիմա կ՚անցնի, համբերե, տղաս, տեղեդ մ՚երերար, արովհետև վերքդ կը քակվի և շատ գեշ կ՚ըլլա վերջը։

Ցավիս ավելնալեն՝ հեծեծանքս սենյակս կը լեցնե, այնչափ որ գտնված տեղս չսեպելով՝ ձայնս ալ կը բարձրանա ճիչերով ու աղաղակներով։

Սնարիս քով փայտե աթոռակի մը վրա քույրը նստած է, շարունակելով իր սփոփիչ խոսքերը, վարժ բերնով մը, գրեթե գոց եղած պարբերություններ զորս հարկավ, մինչև ինծի գալով, հարյուրավորներու ալ կրկնած է շարունակ.

— Հիմա պիտի անցնի, բան մը չէ ասիկա, ա՛լ բոլորովին աղեկցած ես:

Աղեկցա՞ծ. ինչպե՞ս, երբոր ցավերս վայրագ ու ահարկու բան մը կՙըլլային այս պահուս, այն աստիճան որ անդիմադրելի փափագ մը կը զգայի քակելու նետելու վերքիս կապերը ու մարմնիս խորեն, չեմ գիտեր ո՛րտեղեն, քաշելու փրցնելու՝ զիս չարչարող միսերը ու գործարանները բոլոր: Անկողնին