Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջեն պզտիկ մը երերալուս քույրը ուշադիր կը սրդողեր.

— Մի՛ շարժիր, ո՛չ, այդ բանը չըլլար, կ՚ըսեր ոտքի ելլելով, կը սրդողիմ:

Գ.

Երեսը նայեցա շիտակ մը՝ այս «կը սրդողիմ»ին վրա, խե՞նթ էր, ի՞նչ էր այս կինը որ տառապանքիս զարհուրանքը չէր հասկնար բնավ: Անհավատալի՜ բան. իր մեղրամոմի հատնումովը հատած, տժգունած դեմքին վրա տեսածս՝ կարեկցություն մը չէր, այլ հրճվանք մը կարծես, իր պզտիկ, ամփոփ և երկու դիեն վեր առնված բերնին ու շուրթերուն վրա ժպիտ մը, հայտնի ուրախության մը ժպիտը, կը գծագրվեր ու կ՚աղվորցներ զինքը։

Ցավիս տագնապներուն մեջ ու պոռալս շարունակելով հանդերձ, ուշադրությամբ կը դիտեի զինքը իր կեցվածքին մեջ. այնքա՜ն տարօրինակ և անհարկի կը գտնեի այս ցնծությունը իմ գլխուս վրա: Նրբացողուն ծաղիկի մը կը նմաներ. բարձրահասակ ու քիչ մը նիհարկեկ, վայրահակ սիրուն գլխով մը՝ որուն վրա մարապետներուն ճերմակ գլխանոցը երկու թևերը բաց աղավնիի մը թառելը կը հիշեցներ: Հստակ ու խոշոր աչքերուն մեջ թոնուտ երկինքի մը կապույտը կար: Իր մութ կանանչ չուխայե շրջազգեստը հարկավ ոևէ պերճություն չուներ, բայց անոր հասակին շքեղությանը կը վայլեր այս պարզությունը և, քոռսե չդնելու, հակառակ, մեջքին նրբությունը աչքի կը զարներ դարձյալ:

Պետք է հավատալ թե ցավիս սաստկությունը քիչ մը մեղմացած ըլլալու էր, քանի որ այսքան մանրամասն կրնայի այս կնոջ պատկերը վերլուծել: Դեմքին վրա սակայն՝ ծավալող դեղնությանը հետ՝ չափահասության տարիներու աննշմարելի հպումը կար։ Ամենեն ավելի իր ուրախութենեն աղվորցած դեմքին արտահայտությունը զիս կը գրավեր ու քիչ մը կը զայրացներ։

Ցավ մը ունեցած պահուդ կ՚ուզես որ դեմի մարդդ ալ ցավի