Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընտանիքը մեկուսացյալ ապրողներեն չէր. իրենց տան մեջ գրեթե անպակաս էին երեկույթներն և ընդունելություններն որոնց Երվանդ շատ անգամ հրավիրվելու պատիվը կ՚ունենար, առանց օգուտ քաղելու այդ հրավերներեն։

Արդարև, ի՞նչ ընել պիտի երթար այդ ցուցամոլ ու նանրամիտ ընկերությանց մեջ՝ ուր փայլելու ամեն առավելութենե զուրկ էր և ծաղրելի դառնալու ամեն հատկություն ուներ: Նախ և առաջ ուսուցիչ մը ըլլալը կը բավեր բոլորովին ծառայական գիրք մը տալու իրեն որ յուր արժանապատվությանը կը դպչեր. նամանավանդ յուր ստացած դաստիարակությունն հիմնովին կը տարբերեր այդ անձանց ապրելու ու մտածելու եղանակեն։

Յուր փոքրիկ հմտությամբը՝ կարող էր անշուշտ ազգային կամ օտարազգի մատենագրության վրա ճառելու, դարուս իմաստասիրական շարժման վրա կարծիք մը հայտնելու, կամ տեղեկություն հաղորդելու նոր գյուտի մը վրայոք, բայց կատարելապես անկարող էր շնորհքով ու վայելուչ բարև մը տալու կամ ճաշակավոր մեծարանք մը ընելու տիկնոջ մը եթե դիպվածը բերեր որ կնոջ մը խոսք ուղղելու առիթն ունենար։

Հագուստի, կապուստի, զբոսանաց նոր միջոցներու, խաղի, պարի ու բամբասանքի կը վերաբերեր հոն ընդհանուր խոսակցությունն, ուստի լիովին իրավունք ուներ հեռու մնալու այդ ընկերություններեն որոնց ունայնությունն հանչափս ախորժելի էր յուր աշակերտուհվույն աչքին։

Անոր շուրջը ծառայող պատանիներ ու երիտասարդներ լեցուն էին հոն։ Այդ տղաքը կը կազմեին այն թաղին ճաշակի ու վայելչության խնդիրներու գերագույն ատյանը։

Մտքերնին պարապ, քսակնին հայրական առատաձեռնությամբ լեցուն, պաճուճանքի և նորաձևությանը սիրահար, բոլոր ունակություննին տիկնանց հաճելի լինելու հատկացուցած, ամենեն ավելի ծաղրելի ըլլալով հանդերձ՝ ամենեն շատ ուրիշի վրա խնդացող, նախամեծար համարելով գործածել ֆրասերենն զոր չեն հասկնար, մայրենի լեզվեն զոր ուղիղ խոսելու կարող չեն, զմայլող Բաթթիի կամ Սառա Պեռնառի