Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այս աղախնին անձնվիրությունը անտանելի լուծի մը ձևը կ՚առներ քիչ քիչ. փախչիլը անհնար էր իր խնամող խանդազատանքեն. հիվանդանոցի մեջ գտնվելու պես բան մը կ՚զգայի ու ազատությունս վերստանալու ապարդյուն ջանքեր կ՚ընեի։

Բան մը չէր հասկնար իմ խուսափումներես. իր միամտությանը մեջ կը խորհեր անշուշտ որ գեշություն մը ըրած չէր ու պատճառ մը չունեի իրմե երես պահելու. ու չէր գիտեր թե ճիշտ իր սիրույն մեծությունն էր որ զիս կը ճնշեր այն ամառվան պայծառ օրերուն պես որոնց ջերմության ու անդորրությանը մեջ կը խեղդվիս։

Չէր գիտեր խեղճը որ մեզի խաբեբա գգվանքներ, կեղծ հրապույրներ պետք են, խենթեցնելու համար մեզ սիրով, չէր հասկնար որ իր անմեղ անձնվիրությունը ձանձրություն պատճառե. բայց գիտեր, կ՚զգար որ կը հեռանայի իրմե ու փորձ մը փորձել կու գար, վերջին ջանք մը՝ չխզելու մեր մտերմության կապերը։

Երբ սենյակս մտավ տեսա որ իր արդուզարդին բոլոր հրապույրները շեշտած, բազմապատկած էր այն օրը՝ հաճելի երևալու համար աչքիս։ Միշտ այն գեղեցիկ կինն էր բարձրահասակ ու ճերմկոտիկ, իր երերուն քալվածքովը որ նազանքի կը նմաներ. իր եղնիկի մեծ մեծ բացված աչքերուն մեջ տրտմություն կար. բայց իրմե առաջ թեֆարիկի ուժգին հոտ մը ծավալեցավ օդին մեջ, ծանրատաղտուկ հոտ մը որ շնչառությունը կ՚արգիլեր։

Ի՞նչպես եղավ որ այս հեղձուցիչ բուրումը բավական եղավ ինծի ատելի դարձնելու այս կինը. պարզ բարուրանքի՞ մը պետք ունեի արդյոք ամեն հարաբերություն դադրեցնելու համար իրեն հետ, թե ոչ հին ատենի կանանց հատուկ այս յուղազօծումը իր շնորհներուն, իր արդուզարդին բոլոր շինծու կողմը, ծիծաղելի հանգամանքը երևան հանեց. չեմ գիտեր։ Թեֆարի՞կ. ուսկի՞ց գտավ թեֆարիկը. ու ինքը բերանը չբացած դեռ, ես պոռացի հեռվեն, բարբարոս ու վայրենի ձայնով մը.

-Ի՞նչ հոտ է ատ վրադ, գնա՛ լվացվե շուտով։