Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բառ մը չկրցավ պատասխանել դրան առջին գամված մնաց, չկրնալով առաջ գալ, երեսս նայեցավ ապշած, չըմբռնելով որ չնչին հանցանքի մը համար այսքան անողորմ գտնվիմ իրեն դեմ. վարանոտ կեցավ հոն, պատերազմի մեջ զարնված զինվորին պես որ վիրավորվելեն ետքը դեռ քիչ մը ատեն կանգուն կը կենա ու հանկարծ գետին կը փռվի։

Ը.

Ի՞նչ կ՚ուզեք որ ձեզի ըսեմ ասկե ավելի․ կ՚ուզե՞ք անպատճառ լսել վերջին բառը այս միամիտ սիրո պատմության։

Շաբաթ մը հիվանդ պառկած էր իր խուցին մեջ, սաստիկ թոքատապով մը որուն ես էի միակ պատճառը․ խոհանոցին մեջ գիշեր ատեն վերեն վար լվացվեր էր, ազատելու համար թեֆարիկի կպչուն հոտեն, իմ պատվերիս համաձայն․ ու տոքթորը, բարեկամ մը քան թե բժիշկ մը, կը զարմանար այս գյուղացիներուն տարօրինակ սովորություններուն վրա։

— Խե՞նթ է, ի՞նչ է այս կինը. խոհանոցին մեջ կը լվացվի՞ն։

Չէի պատասխաներ և բժիշկը կը համառեր իր զարմանքին մեջ, ու իմ ալ կարծիքս առնել ուզելով, կը կրկներ շարունակ.

- Ի՞նչ կ՚ըսես, խենթ չէ՞։

Ես, մահվան վտանգին առջև ահաբեկ՝ իր կյանքը փրկել կը խորհեի միայն։

— Պիտի ազատի՞, տոքթոր։

Ութը օր ամբողջ այս տագնապին մեջ անցուցի, հետո ապաքինությունը սկսավ, դանդաղ այնքան որ նոր հիվանդության մը կը նմաներ։

Հիմա երբ երթայի սենյակը որպիսությունը հարցնելու, իր անուշ նայվածքը դեռ անհուն գորովով կը զեղուր. հանդիմանությամբ չէր նայեր երեսս, ու կարծես ա՛լ ավելի գոհ էր հիմա, անձնվիրության նոր ապացույցով մը ա՛լ ավելի երախտապարտ ընելուն զիս։ Առնելիքվոր ըլլալ կ՚ուզեր այս կինը