Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընդարձակ տեղ մէր այս տեղը ուս Եփրատ լույս կը տեսներ չորեքշաբթի և շաբաթ օրերը։ Հիմա այդ լույսը երկու փոքրիկ, պատուհաններեն, անթափանց դառնալու չափ աղոտ ապակիներեն անցնելով, փոշիներով ծանրացյալ երկու ծուռ ու լուսավոր սյուներ կը կազմեր որ դուրսեն ու բարձրեն կուգար, գետինը տախտակամածին վրա փակչելու համար։

Անդին տարածվող հարատև մշուշին մեջ շալեյի ձևով երկու գրասեղաններ որոց երկկողմանի զառիվայր տանիքը քառակուսի բազմաթիվ խորշերով ծակծկված Եփրատին գիրերը կը պարունակեն, խմբագրին բոլոր գույքը և բոլոր հարստությունը. 10, 12, 14 բութոնոց գիրեր, մաշած, տաշված, իրենց տիրոջ պես կակուղցած կապարի հատիկներ որոնք շողոքորթություն կը բուրեն։

Պատերը իրենց վտիտ ու սևաթույր մերկության մեջ տեղ տեղ միայն սքողված են Եփրատի, Տիգրիսի, Առավոտի չի ծախված թիվերով, տարօրինակ լրագրական սանդուխ մը որ Գասպար Քաքմաճյանի բոլոր պատմությունը, անկումը, իրագիտության դասի մը ձևով կը բացատրե։

Տպագրելու նյութեն ստակի դարձավ խնդիրը.

— Այսօր ստակ կուզենք, սկսավ գրաշարը։

— Այսօ՜ր, անկարելի է. գալ շաբթու։

— Դիմանալու կարողությունը չունինք, գոչեցին երեքը մեկեն, հասկցա՜ք, Գասպար էֆենտի, դիմանալու կարողություն չունինք։

Սեղաննին թողուցին խմբագիրը պաշարելով չորս կողմե։

Ո՜րքան ատեն ի վեր կը խաբեր, կը խաբխբեր զանոնք, միշտ բաժանորդներն, ծանուցումներն գալիք ստակը անոնց տալու խոստումով ու ինք առնելով շարունակ այդ դրամները։

Այս աղքատության արձաններեն շրջապատված խմբագիրը չի մտածեց այն վայրկյանին իր հավասար կերպով ողորմելի եղող կացությանը, իր հիվանդ զավկին որ անխնամ կը մնար երեսի վրա, ու այս մարդիկը մխիթարել ջանաց զորս իր դժբախտությանը, ձախորդությանը կապած էր։

— Տեսնենք, աստված մեծ է. Շամլյանի, Տեմիրճյանի ընկալագրերը ձեզ տամ, գացեք գանձեցեք։