Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճար մը մտածեցին առջի շաբթվան դուրս երթալիք Եփրատները խրկելու համար որոնք փոսթայի ծախք չըլլալուն, հոն մնացեր էին անկյուն մը նետված, փոշիներու տակ։

Քաքմաճյան՝ իրեն ցույց տրված օգնութենեն քաջալերվեցավ, ի բնե լավատես ու հուսալից մարդ էր. միթե Եփրատի առջի օրերը ինքը չէ՞ր նորեն այս թերթը հրատարակողը. թե որ քննադատությանը դարը անցած էր, ուրիշ միջոց պիտի որոներ, ապահովապես պիտի գտներ, ընդարմացած ընթերցողները ոգևորելու համար։

Այս Քաքմաճյանը, առաջ պարզապես մյուսյու Գասպար նախ տուներու, հետո ազգ. վարժարաններու մեջ հայերենի ազգ. պատմության ուսուցիչ, թողած էր այս ապերախտ ասպարեզը թաղյականներու և հոգի բարձուներու հալածանքեն հուսահատ, ինչպես կըսեր ինքը ամեն դեմը ելլողին, քահ քահ խնդալով այս բառախաղին վրա որ իրը չէր սակայն։

Պատրիարքարանի գրագիր, վաճառականի տոմարական հղած էր ատեն մը. հետո ուրիշ միջոց մը չի գտնելով ապրուստի, հարմար միանգամայն յուր չարամիտ ու բամբասանքի տրամադիր ոգվույն, Առավոտի արտոնությունը խնդրեր և առեր էր. լրագրությունը միայն գտնելով դյուրին և անաշխատ արվեստ որ անցյալ նվաստությանը վրեժը կը լուծեր ամենեն

«Չի պիտի վարանինք երբեք մատնանիշ ընելու ամեն զեղծում, ուր որ ալ հանդպինք»։ Այսպես կսկսեր նորեկ խմբագիրը և այս խոստումը սպառնալից բան մը ուներ իր մեջ։

Ասպատակելու, քանդելու հայտնի որոշումով այս թերթը կսկսեր հրատարակվիլ։

Առջի թերթեն շփոթեցավ. ուսկեց սկսելու էր. այնքան ըսելիք ուներ և Առավոտը անբավական կերևեր իր պահանջումներուն, հետո ինքզինքը ժողվեց և վեց խմբագրականով Քաքմաճյան ամենուն ալ ըսավ իր ըսելիքը, զորս այնքան երկար ատեն զսպեր և պահեր էր իր փոքրիկ սրտին խորը, շոգելից, կաթսայի մը՝ պես, ու շունչ մը առավ երկար, հաղթություն տանող մարդու գոհունակ ու ազատ շունչը։ Թերթը աղմուկ հանեց. Գասպար Քաքմաճյանի անունը ամենուն բերանն էր շատեր՝ հետաքրքիր տեսնել կուզեին զինքը։