Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յուր ազգային տեսությունները ամփոփ պարբերություններով, ջղուտ ոճով գրված, դանակի պես հատու, քացախի պես դառնահամ էին. ութը տողի մեջ ամբողջ հայոց ազգը դատապարտելու հնարքը կը գտներ. հակասություն մը միայն կար որ բնավ չէր հասկցված, այս շատախոս մարդը լակոնական ոճը կը սիրեր. սովորաբար երկսայրաբանությամբ և խրոխտ բնաբանով մը կսկսեր անհեթեթ եզրակացությամբ մը վերջացնելու համար։

Օր մը Առավոտի մեջ, այժմյան Եփրատին նախահայրը ելավ գրեց.

«Սկզբունքը՝ կյանք ու գոյություն կը նշանակե. և Խասգյուղի թաղականները սկզբունք չունին, վասնզի ամեն օր իրարու հակառակ որոշումներ կուտան, ուրեմն Խասգյուղի Թաղ. խորհուրդը գոյություն չունի». և կը հրավիրեր թաղեցին նոր ընտրություն կատարելու համար։

Եվ հետևյալ օրը Օրթագյուղ փողոցին մեջ ծանոթ մը նշմարելով հեռուեն ձեռքով ոտքով նշան կըներ, կը կանչեր կը կեցներ մարդը որուն հետ հազիվ բարև մը փոխանակած էր մինչև այդ պահուն, ու խնդալով ուսին զարնելով, վաղեմի բարեկամի մը պես իր բերկրության մասնակից ընել կուզեր զայն։

— Կարդացի՞ր Առավոտը, ջախջախեցի թաղյականները։ Այնպես որ ամենքը ջախջախելով, փշրելով, ամբողջ հայոց ազգը ալյուրի վերածած ըլլալու էր։

Ընթերցողները տրամաբանական նրբությունները չէին հասկնար, բայց Առավոտը կառնեին սիրելով անոր վիճաբանող ու կռվարար հոդվածները և իրիկունները շուկայեն վերադարձին էսնաֆները կը գնեին զայն անհամբեր, գիտնալու համար թե որի՞ դեմ գրված էր այն օր. մյուս լրագիրները կը հարձակեին այս նորեկին վրա ի հարկին խմբագրին անձը, ընտանեկան կյանքը նետելով մեջտեղ ու Քաքմաճյանը ծաղրելի ընելու միջոցներուն մեջ ընտրություն չընելով երբեք։

Ընթերցողները կը զվարճանային և Առավոտը կը շարունակեր երևիլ. տանը դրացիները նախ զգուզությամբ դիտեցին այս կազեթաճին, որ իրիկունները թուղթերով, լրագիրներու ծրարներով