Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեպքերը, նշանավոր անձանց երթևեկը, Հավասի հեռագրերը բարձրաձայն կը համրեր նյութերը մատներուն վրա, տողերուն հաշիվը ընելով։

Այս միջոցին իր օգնականը տեսավ՝ Գալուստյան Գևորգը որ սանդուխեն վեր կելլեր Աբրահամ աղային հետ, Տևեճյան Մարտիրոս էֆենտիի մեծանուն հայ սեղանավորին, ոչ նվաղ մեծանուն սպասավորն որ խմբագիրը էֆենտիին սենյակը տանելու եկած էր։

— Կուգամ, ըսավ անոր, և օգնականին դառնալով՝

— Ո՞ւր մնացիր, ի՞նչ լուր։

— Ռուսահայ վաճառական մը եկեր է. շաբաթ գիշեր ի նպաստ Նարդիկի ներկայացում կա, ծանուցում պիտի ընենք երկու ամսեն Տեմիրճյան էլպիսին ամուսնությունը:

— Որի՞ հետ։

— Տեմիրճյանին գրագրին հետ։

— Չըսես որ Շամլյանները պիտի կատղին. Մանչեսթրեն հոս տղանին բերել տալ և չի կրնալ հավնեցնել, սա Տեմիրճյանն ալ գրագրին հանե աղջի՜կը տա, աշխարհք փոխվելու վրա է. Եձրատն ալ պիտի փոխենք։ Իր խորհուրդները, ծրագիրը նորեն պարզեց։

Գևորգ համաձայն էր բոլորովին, ան ալ իր գաղափարները ավելցուց։

— Հայ թատրոնի բարձրացման դատը ձեռք առնենք, աս ալ ազգ. իշխանության դեմ քննադատություն չէ որ արգիլվի, ուզածնուս չափ կը գրենք, թատրոն և ոչ պարահանդես. բուռն հոդված մալ գրաբարի դեմ. կը տեսնեք, Գասպար էֆենտի, որ խափանման կամ դադարման ամեն պատահականութենե բոլորովին հեռու եմ. այո՛, կա՛մ գրաբար, կա՛մ աշխարհաբար, խառնուրդ և հրեշային գրականություն չըլլար․ մին կամ մյուսը։

Քաքմաճյան իրմե ավելի ծայրահեղ մը տեսնելով դեմը մարանեցավ, երիտասարդին երեսը նայեցավ.

— Մի՞ն կամ մյուսը, հարցուց անոր, գլուխը քերելով, գրաբարի լավ մասերը առնելո՞ւ ալ հակառակ ես։