Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը բարձրացներ պարծենկոտ քիթը և խղճմտանքին վստահ մարդու մը պես կըսեր.

— Ես շանթաժ ընողներեն չեմ։

Կոտրած, ծռած գրասեղանին վրա կորաքամակ, իր մոլորյալ մտքին անհրաժեշտ եղող սիկառը բերանը, փորձերու սրբագրությունը սկսավ. մերթ ընդ մերթ կընդմիջեր սրբագրությունը լուրերուն շարադրության վրա դիտողություն ընելու համար, չի հավնելով Օրագիրիե հայագիտությանը, անոր սխալները ուղղելով։

— Պատվանշան չեն պարգևեր, կը շնորհեն, այս մարդիկը հայերեն չպիտի սովրին. տեսե՛ք, տասը տարվան խմբագիր մէ այս աններելի սխալը գործողը։

Հետո աշխատութենեն ձանձրանալով իր օգնականը հարցուց.

— Գևորգ ո՞ւր մնաց այս ատեն։

Նոր սիկառ մը շինեց ու սերթ ծխելը արդարացուց.

— Մեղմ ծխախոտը վնասակար է։

Կը քրտներ այս տանիքին տակ ուր արևուն ջերմությունը շնչառությունը կարգիլեր. հինգ վայրկյան վերջը մեկ կողմ նետեց փորձերը, խոսելու, շաղակրատելու մարմաջեն բռնված՝ Քաքմաճյան Եփրատիե համար նոր ծրագիրներ, նոր խորհուրդներ շինեց, թերթը տասը փարայի իջեցնել պզտիկ ծավալով բայց օգտակար պարունակությամբ, թերթոնը վերցնել, ի՞նչ է այս թերթոնը. ֆրանսական վեպը ի՜նչ կը հարմարեր մեր բարքերուն. կոմսուհիներով, դքսուհիներու պատմություններ որ մեր երիտասարդաց սրտերը կապականեին. հետո թերթոն բառին չի հավնեցավ, հայերենի կանոնաց համաձայն չի գտավ։

Ինքը՝ ահավասիկ ինչպես իր թերթը պիտի հրատարակեր. նախ, խմբագրական մը. ի՞նչ նյութի վրա. Քաքմաճյան խորհեցավ, փնտրեց, ազգային խնդիրներու վրա չէր կրնար գրել, ժողովականներուն ծուռ ընթացքը քննադատել մտքեն անգամ չանցուց. կամա ակամա տնտեսական պիտի ըլլար իր հոդվածը, ամենեն առաջ նյութականը, տնտեսական զարգացում մը պետք էր մեզի, խմբագրականեն ետքը օրվան լուրերը,