Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջապես առևտրական ասպարեզը չի ծպտեցավ իրեն շարունակվող անգործությանը մեջ սիրտը նեղացավ, հոդված գրեց, ու խմբագիր եղավ։ Լրագրեն որոշ, կանոնավոր ամսական մը չուներ բայց իր գտած բաժանորդներուն դրամը ինքը կստանար, անշուշտ հարստանալու համար եկած չէր Եփրատին. բայց հրապարակագրությունը սրտի գոհացում կուտար իրեն և այս փոշիով, սարդի ոստայններով լեցուն հարկեն կարձակեր դպրոցեն մնացած ծայրահեղ գաղափարներ զորս իրական կյանքի դառնությունն կարդարացներ։

Հիմա իր բարեփոխման ծրագիրը վախ կազդեր Քաքմաճյանին։

— Տակը կամ վրան, կըսեր երիտասարդը, լույս կամ խավար, մենք բոլորովին աշխարհաբար կը հրատարակենք մեր թերթը, իրենց բառերն անգամ պիտի մերժենք, թող իրենք ալ գրաբար թերթ հրատարակեն և ընթերցող գտնեն։

Այս ծանրակշիռ որոշումը տալե առաջ Քաքմաճյան խորհեցավ, սիկառ մը շինեց, վառեց։

Գալուստյան անգամ մը սկսած էր ու չէր կրնար կենալ։

— Ես անցյալ օրվան ներկայացման առթիվ սկզբնավորություն մը ըրած էի, հավնեցա՞ք, Գասպար էֆենտի. դերասանական արվեստը ծաղրելի միմոսություն մը չէ. բարձրագույն բարոյականի և տաղանդի արվեստն է։

Խմբագիրը շատ անգամ ծայրե ծայր չէր կարդար իր թերթը։

— Կը խորհինք դեռ, ըսավ երիտասարդին անոր եռանդը չափավորելով, դուն սա մնացած փորձերը նայե, ես քանի մը տեղ հանդպելու պարտավորած եմ, տունն ալ հիվանդ ունիմ, աղջի՜կս։

Վերջին բառին վրա հառաչեր, հառաչելու պարտավոր զգալով ինքզինքը։

— Տոքթոր Սիմոնյանը կանչեցեք, շատ ճարտար բժիշկ է, անշուշտ կարևոր բան մը չէ, կանցնի, հոգ մի՛ ընեք, Գասպար էֆենտի։

Խմբագիրը չի կեցավ ալ, սանդուխներեն իջավ ոչ թե ոտքերը տեսնելով մի առ մի, այլ երկար ժամանակով ստացված