Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարժությամբ մը, արագ քայլերով շիտակ ճամփեն դեպի կամուրջ կերթար։ Քոնսոլիտ խանին մեջ քոնսոլիտի գինն հասկնալ ուզեց, բայց խլացուցիչ ժխոր մը կասեցուց զինքը։

Ամենքը կը պոռային, միավոր, հարյուրավոր, հազարավոր թվանշաններ նետելով օդին մեջ. դուռնեն մինչև երկրորդ հարկը գացող երկաթե սանդուխներուն վրա ամեն ազգն ամեն տարիքե կազմված ամբոխին պայքարը մրրկոտ ծովու մը պես կուռեր կը մռնչեր գետնահարկեն մինչև ձեղունը բարձրանալով։ Դուրս են անոր պարկեշտ երևույթեն ոչ ոք պիտի գուշակեր որ դրամական աշխարհին բոլոր տագնապները, անկումները․ մեծությունները այս խանը կերկներ կը պահեր իր անզգա որմերուն մեջ։

Ամեն ոք կաճապարեր, ձայներնին խեղդուկ երկու ժամե ի վեր, մասնակցելնուն համար այս դրամական նվագահանդեսին, վերջին ճիգ մը ընելով չի կորսվելու հետզհետե բարձրակող այս ահագնալուր եղանակին մեջ ուր թիվերը ձայնանիշերու տեղը բռնած կը թվեին։

— Հազար կա։

— Հինգ հազար կա։

— Հինգ հազար ալ կա։

Ձեռվընին չարժելով գլուխնուն վրայեն տեսանելի ըլլալու համար բազմության մեջ, մեծցնելով թիվերը, առաջարկությունները ավելի հրապուրիչ դարձնելու համար. Քաքմաճյան ինքզինքը մոռցավ այս աղմուկին ու անմարմին առուտուրին մեջ. մտածեց որ քաղաքական կարևոր լուր մը եկած ըլլալու էր այս աստիճան տակն ու վրա ընելու համար խանին հաճախորդները։ Այդ լուրին ի՞նչ ըլլալը ստուգել ուզեց, փիացան հարցուց. տիրող տագնապեն հաստատ ու որոշ գին չիկար, տարբերությունները այնքան մեծ և հանկարծական եղած էին որ ոմանք իրենց դրամատունները գոցեր էին վճարման եղանակներուն մեջ այս միջոցը գտնելով ամենեն համառոտը։ Խմբագիրը գոհ մնաց հոս հանդիպելուն և աղետին ամենեն ծանր վայրկյանին հասնելուն համար։

Այս վայրկյանին բոլորովին մոռցած էր հիվանդ զավակը․ գանձելիք բաժանորդագիները և Մարտիրոս էֆենտիի հրավերը,