Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իրավունքն է խեղճին, Անգլիայեն մինչև հոս եկավ հատկապես։

Ֆուլիկ հանըմ այս ամուսնության խոսքը կը գոցեր.

— Ճա՜նըմ, ուրիշ խոսք չունի՜ք։

— Շատ ուսյալ է կըսեն այս երիտասարդին համար, մյուսյու Գալուստյան, հարցուց Նոեմի, իրա՞վ է։

— Հորը գործերը գրեթե փճացուցած է, այդ գիտեմ, բայց ուսմանը աստիճանեն տեղեկություն չունիմ. վարժարանին մեջ աննշան աշակերտ մ՛էր։

— Ուրեմն ավելի իրավունք ունի էլպիսին հետ ամուսնանալու. աղքատության վախը կա, հետո քիչ մը կենալե ետքը։

— Թո՜ղ երջանիկ ըլլա։

Անկե վերջը ուրիշ նյութերու վրա խոսեցան. իրիկվան դեմ Գասպար էֆենտին եկավ, դուռն են իր զվարթ ձայնին արձագանքը մինչև վեր եկավ։

— Հայրս այս իրիկուն ուրախ է. տեսնենք ի՜նչ ունի, դուք մեզի այսօր առտվընե ի վեր զվարթություն բերիք, անանկ չէ՞, մայր։

— Անանկ է, աղջիկս, մյուսյու Գալուստյանը բարի սիրտ ունի, իր այցելությամբը երջանիկ եղանք այսօր։

Գասպար էֆենտի սենյակեն ներս կը մտներ խնդալով։

— Բարև, Գևորգ, ի՜նչպես ես, Նոեմի. Մարտիրոս էֆենտին կատղեր է. թատրոնի համար այդչափ ստակ վատնելեն վե՜րջը. կարծեմ թե երեք հարյուր ոսկվո չափ փոխ տված է տնօրենին, առ նվազն այդչափ մալ ուրիշի մը տված։

<1891>

[Վեպը այստեղ ընդհատվում է]