Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԱՆԾԱՆՈԹԸ

Փողոցին մեջ կերթար, կարծես կը սահեր,
Հուշիկ քայլով, դանդաղ, գրեթե շփացող,
Դեմքը կազե լաչակի մեջ կը պահեր,
Պատմուճան մը ուներ հովեն ծըփացող։

Աղվո՞ր, տղե՞ղ, ի՜նչ փույթ. բավեց որ մտքես
Մարմին մը տամ ես ուզածիս պես իրեն,
Վրդովիչ հով, պչրանք մը լուռ, վերջապե՜ս
Ամեն բաներն որոնց համար կը սիրեն։

Ու տարինե՜ր սրտիս խորը ջանացի
Պահել զինքը մասունքի պես, և մեկուն
Չըսի անոր հրապույրները կանացի
Որ գիշերներս ըրին խռոված և անքուն։

Ի՞նչպես եղավ, ո՛վ երազի ծնունդ կին,
Որ ըստուգիվ մարմին առած, խրոխտ ու վես,
Դեռ անցյալ օր թատրոնի մը հոծ մուտքին՝
Չը ճանչցողի մը պես անցար իմ քովես։

<1900>