Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կորսվա՜ծ խոսքեր. և ատկե զատ բա՛ն մըն է կյանքը միթե. կորսված բոլորն ալ, աղեկն ու գեշը, անուշն ու դառնը, օգտակարը և անօգուտը, միշտ դեմդ՝ սա պատկերին մեջ ի գեղեցիկ կինը՝ գլուխը քեզի դարձնելու չհոժարող իր վես ամբարտավանությանը մեջ։

Ակամա կը նմանցնեմ ինքզինքս, հրապարակագիրը, աս տարիքոտ նշանածին որ իր միտքը ու սիրտը ճնշելով, լուծելով է՛ն գեղեցիկ խոսքը, է՛ն աղվոր խորհուրդը, է՛ն շնորհալի ձևը կը մատուցանե ան երես առած աղջկան որ հասարակություն կը կոչվի. մտազբաղ ու անտարբեր հասարակություն որուն ուշադրությունը չեմ գիտեր ո՛ւր կը մոլորի ու կը սևեռի միշտ։

Բայց այս անփույթ կեցվածքը, այդ ուսերը թոթվելն երբոր ամենեն լուրջ ու կարևոր խնդրովը կուզես զինքը զբաղեցնել, իր շահուն, իր բարօրության վրա խոսիլ հետը, չարգիլեր զքեզ իր օգուտին հավիտենական մտածողը, չարգիլեր որ գիշերն ի բուն տքնիս հետևյալ օրը նոր բառ մը բերելու իրեն, ականջն ի վար քաղցրությամբ, նոր խոսք մը, կորսված աոջիններուն պես։

Իրոք կորսված՝ այն ըսված բոլոր խոսքերը որոնք, եթե շուտով ու դյուրությամբ կարտասանվին, գիտցած ըլլաք որ նույնքան դյուրությամբ չեն պատրաստվիր և ամենեն դժնդակ աշխատությունն են հրապարակագրին համար։

Կորսված, այս ժամուն համար թերևս, բայց ո՛չ բոլորովին։

Երբեմն, անոնք որ ինծի պես երաժշտության համար օտարականներ են, օր մը անհաճ ու անդեպ վայրկյանի մը մեջ, առտուն անկողնեն ելած պահերնուն, օրինակի համար, երգի պզտիկ հատկտուր եղանակ մը կը հիշեն. տղա հասակի մեջ դպրոցը լսված, կամ մեծնալե վերջը, փողոցե մը անցված ատեն, ականջի դպած երգի մը վերհիշումն է. երգ որուն կարծեր էինք չունկնդրել, Եվ այս վայրկյանիս, հիշողության զարմանալի կարողությամբ մը, ո՛վ գիտե որքան տարի վերջը, առտվանց կանուխ այդ կտոր բրդուճ եղանակը կը տիրե մտքիդ, եղուր կը փորձես փախչիլ անկե. իր անցյալ բոլոր