Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դրան առջև, ուրկե լայնանիստ մարմարե քիչ մը ներկոտած աստիճաններ պարտեզ կը տանին, փայտե քանափեի մը վրա՝ գեղջկական արդուզարդով, պաթիսթե չփակով ու պատմուճանով, երիտասարդուհի մը, որուն ժպտուն դեմքին վրա, երես առած, չարաճճի, գրեթե անառակ աղջկան մը երեվույթը կա։

Նայվածքը ուշացրիվ և աննպատակ կը սևեռի իր շուրջի ստվերներուն մեջ, աննշմարելի իտեալի մը հետապնդումովը։

Եվ ճիշտ այդ վայրկյանին կռնակը կեցող այր մը, որ տարիքոտ նշանածի մը կը նմանի ինծի, անոր ականջն ի վար բաներ մը կը փսփսա. սիրո, անձնվիրության խոսքեր թերևս։

Աղջիկը գլուխը չի դարձներ ետին նայելու համար թե ո՞վ է այս վրդովիչ բառերը նետողը, սկեպտիկ, դարավերջիկ գեղուհին է ինքը և ոչ այն անփորձ կույսը, որուն հոգին մեկ նայվածքով կը խռովի, ու բոլոր այնքան խնամով մտածվածս քաղցր ձայնով մը արտասանված խոսքերը կերթան կը կորսվին, անդարձ ու անօգուտ, իրիկվան մթնշաղին մեջ։

Այս է պատկերը, անգլիացի վարպետե մը առնված գեղեցիկ վիմագրություն, որ իր ոսկեզօծ շրջանակին մեջ սենյակիս պատին վրա կը տեսնեմ ամեն օր։

Եվ ամեն օր, գրեթե ամեն անգամ, նոր տեսածի պես կը կենամ անոր առջև, կը մտածեմ, այս վերջալույսին շքեղությանը, ու այս երանության միջավայրին վրա կը հիանամ, այս ոչ երիտասարդ սիրահարին թափած լեզվին վրա կը ցավիմ, և աղջկան անփույթ ու անզգա կեցվածքին ծափահարելս կուգա։

Կը լսեմ, ականջովս կը լսեմ գրեթե, սա անխոս պատկերին վրայեն, անուշ խոսքերը որ այս մարմարի պես անխռով աղջկան կուղղվին առանց հաջողելու հասնիլ մինչև անոր միտքը ու հոգին։

Եվ կը հասկնամ վերնագիրը, այս աղվոր ու խորհրդածություններով լեցուն պատկերին վերնագիրը, զոր նկարիչը, իմաստասեր մը կյանքի, այնքան խորին գիտակցությամբ մը դրած է

Կորսված խոսքեր