Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 8 8 7


ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Իզմիր, 24 հունվար

Ի՞նչ կուզեք որ գրեմ ձեզ Զմյուռնիո վրա. ընդարձակ ծովածոցի մը եզերքը տարածյալ, նորաշեն բայց վատառողջ, երկրաչափական ճշտությամբ ու օրինոք հաստատված բայց բնական գեղեցկութենե զուրկ, հպարտ, վայրախոս, հարուստ, գործունյա ու աղմկալից քաղաք մը՝ ահավասիկ Փոքր Ասիո մեծանուն ու փարթամ նավահանգիստը։

Տարբեր ցեղերով, ազգերով, կրոնքով ու համոզումներով, գաղափարներով ու կրթությամբ բաժանյալ այս քաղքի բնակիչները կը միանան միայն իրենց անվանի քարափին տրված գովեստից մեջ։

Այդ քարափն՝ այս նավահանգստին գեղեցկագույն շինությունը՝ նվիրական է հոս. վաճառականն՝ հարաբերությունը կը կտրե քեզմե, դատավորը՝ քու դատդ չի քններ, բժիշկը կը մերժե զքեզ դարմանել... կը վախնամ որ մինչև անգամ պզտիկ դաշույնի հարված մը չստանաս՝ թե որ համարձակիս գեշ խոսելու անոր վրա. ի փոխարեն ամեն ինչ ներյալ է ադկից ի զատ. քննադատե՝ որչափ որ կուզես, աղաղակե՛ որչափ որ կրնաս, երգե՛ թե որ սիրտ ունիս կամ արտասվե եթե պետք կզգաս, ոչ ոք գլուխը պիտի դարձնե քեզ ճայելու համար, ինչպես կըսեն իզմիրցիք։