Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հասարակաց կյանքը կանցնի ու կանցնի հուսահատական միօրինակությամբ այս քազինոներու քաղքին մեջ. գիշեր ու ցորեկ, առտու կամ իրիկուն, ամեն մարդ կը ժողվվի սրճարաններու մեջ, դրամի տերն ու մտքի տերը, սրտի տերն ու գրչի տերը, լեզվի տերն ու դաշույնի տերը զարմանալի մտերմությամբ կը հավաքվին հոս։

Զմյուռնիա հակապատկերներու քաղաքն է. ուղևորությանց ամենեն նոր և ամենեն հին միջոցները քովե քով կը տեսնես հանդարտաքայլ ու ծանրաբարո ուղտին մոտեն կը սրանա շոգեկառքն շնչահատ արծվի մը պես. հող լերան կողին վրա լռակյաց ավերակներ ու հոս նորաշեն քաղաքը զվարթ ու ոգեվոր. այս կողմն օսմանցին լուրջ ու խոժոռ, այդ կողմն օտարականն անհանդարտ ու տենդավար. միևնույն շրջանակի մեջ ազգասերն ու օտարամուն, հայ լեզուն սիրողն ու (ափսոս) հայ լեզուն խոսելե ամչցողն, առաջնորդ մը որո համբավը զաշխարհ կը թնդացնե ու անդին հալածական գրագետ ու լրագրապետ մը ցավոց ու տառապանաց մահճին վրա մոռցված, վերջապես մեկ կողմն Արևելյան Մամուլն հզոր պաշտպաններու կռթնած ու անոր մոտ խորտակված գրիչ մը ու խեղդված ձայն մը... Արշալույսը։

Իզմիրի ազգային վարժարանները փառահեղ շենքեր են ու նոր է ամեն բան ադոնց մեջ. սրահներն ու սենյակները, տախտակներն ու սեղանները, գավիթն ու սանդուխը, նոր են նաև անշուշտ աշակերտներն ու վարժապետները, վասնզի այս մեծապանծ շենքերու մեջ համեստ ու խոնարհ նախակրթարան մը միայն գտա։ Իրենց կրթական վիճակեն ավելի դրսի տեսքովնին կը փայլին այս վարժարանը, ապաքեն արտաքին տեսքի հոգածությունն իզմիրցվոց հիմնական հանգամանքն է։

Այս տեղ ազգային ոգին ամեն ոգիներու պես անտեսանելի ու աներևույթ է։ Կա՞ սերունդ մը, ազգ մը, որո զավակներն են այստեղի հայերը, կա՞ աշխարհիս վրա հողի մեկ անկյուն մը, ուր իրենց եղբայրները կապրին և ուր իրենց նախահարք ապրած են ատենով, ասոնք այն տեսակ հարցումներ են որ իզմիրցի հայոց մտքեն անգամ թերևս չանցնին։

Ապահով՝ իրենց հարուստ կացության մեջ, անդորր՝ իրենց