Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկ երկու հրապարակագիրներու սեղմված հասկացողությանը մեջ։

Այս իսկ պիտի բավեր որ շնորհավորեինք հեղինակը. բայց այս գիրքը աչքե անցունողները անկե զոհ մնալու դեռ ուրիշ շատ պատճառներ պիտի ունենան։

Վարդապետը համբավավոր է արդեն իր սրախոսություններովը՝ հատկություն մը զոր մեր գավառացիները ընդհանրապես այնքան ունին և որուն քով պոլսեցվոց խոսակցությունը՝ ճշմարիտ տափակություն մըն է միայն։

Վահան վարդապետ իր համբավին արժանի կերպով գրած է այս գործը, այնքան նրբամտությամբ որ, եթե վարդապետ չըլլար, պիտի ըսեի թե սատանի չափ խելք ունի հեղինակը։

Անոնք որ անհամ դասախոսություններով հանրությունը հրահանգելու հավակնությունը ունին, թող ձեռքերնին չառնեն այս գիրքը որ խնդացնելով, զվարճացնելով խրատելու սահմանված է։


Վահան վարդապետի գործը բոլորովին հայկական համ ու հոտ ունի, ֆրանսական գրականութենեն մուրացածո ոճեր՝ մուտք չունին իր գրքին մեջ. ընդհակառակը իր լեզուն՝ շարունակ գեղջուկ ու պարզ խոսվածքն է գյուղացիին։

Տեղ տեղ բարեհիշատակ Սրվանձտյանց եպիսկոպոսը կը հիշեցնե և կզգաս որ նույն սիրտն է գուցե որ կը բաբախե հոս ալ, թեև ոչ այնչափ տրոփուն։

Ահա այս ինքնատիպ և իսկապես հայկական գրականությանը համար՝ Վահան վարդապետի գործը հիշատակության արժանի է այնքան ավելի որքան հայերեն գրողներուն ու հայերեն զգացողներուն թիվը երթալով կը նվազի, մեր գյուղացիի անկեղծ խնդուքին ու բարեմիտ կատակին տեղ ֆրանսական անմիտ blague կանցնի։

Այս հանգամանքներով, վարդապետին գիրքը կը հանձնարարենք Իզմիրյանցի մրցանակի հանձնաժողովին, որուն դեմ անճահ կերպով ատեն ատեն հայտնված գանգատները չեն