Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մյուս կողմե արտոնել զինքը որ իր քաղաքը վերադառնա, հոն ուր ամբողջ հասարակություն մը իր կեղեքումներեն կը գանգատեր, արդարացնել է զինքը և այդ գանգատները անհիմն հռչակել է։

Եվ բնական է որ մեկնությունները չի պակսին այս մարդը չքմեղացնելու աշխատողներուն և ակներև այս գայթակղությունը, իբրև չնչին բան մը, պարտկողներուն դեմ։

Հանրային խղճմտանքը, որ ենթադրվածեն շատ ավելի խստապահանջ ու մանրազնին է, ծանրապես վիրավորված պիտի ելլե դուրս, այս անակնկալ բարեսրտության տեսաբանեն։

Այսքան հռչակված չարաշահության մը հանդեպ՝ կրոնական իշխանությունը իր խստությունը կորսնցնելով՝ տարօրինակ կերպով կարդյունավորե ահա այս մարդուն ողոքիչ ու սպրդուն ձևերը։

Օրտուի քահանային իբր անբիծ տատրակ մը այս դատաստանեն դուրս ելլելովը հոս ոչ ոք կը խաբվի, և այս արծաթափայլ սպիտակությունը զմեզ չի զարմացներ։

Բայց կը խորհինք մեր Օրտուի հեք ազզայիններուն վիճակին և առհասարակ՝ բոլոր գավառացի ազգակիցներուս որոնց երբեմն միևնույն բախտը վիճակած է։

Ահավասիկ եկեղեցական պաշտոնյա մը որուն մասին հայտնված գանգատները այնքան հաճախած էին և ամբաստանությունները այնքան միահամուռ և ծանրակշիռ հանգամանք մը առած, որ Տրապիղոն Առաջն. Փոխանորդը անձամբ Օրտու երթալով, իր կատարած քննությանը երևան բերած արդյունքին վրա, այս քահանան մայրաքաղաքս կանչել և դատաստանի ենթարկել տալու հարկը կը տեսնե։

Ի՞նչ կը պատահի ասկե վերջը, ոչ ոք գիտե. իրոք կը տեսնվի կանոնավոր դատաստան մը և ի՞նչ է պատճառը եթե չի տեսնվիր, ինչո՞ւ այս մշուշը որ այս կարգի խնդիրներուն վրա կը տարածվի միշտ։ Կարելի չէ՞ արդյոք որ ս. Պատրիարք Հայրը, որուն բարձր արդարասիրությունը ամենուս ծանոթ է, իր ձայնը ուժով մը լսելի ընել տար Կրոնական Ժողովին մեջ։