Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դրինք զինքը չոր ու ցամաք կերպով մը որուն նշանակությանը վրա չէր կրնար երկմտիլ։

— Զբաղած ենք, ներեցեք․

Մեյ մըն ալ չերևցավ. մեր խմբագրատունը՝ իր խոստմնալից ձևերուն ծլումին ու փթթումին նպաստավոր մթնոլորտ մը չուներ. այն օրեն զգաց ասիկա ու հեռացավ մենե ավելի պատշաճ միջավայր մը փնտրելով իրեն։

Կրոնական Ժողովին առջև միևնույն ես մեղավորսի ձևերովը, հնդիկ ֆաքիրի մը պե՛ս կուրծքը ու կռնակը ծեծելով, իր հակառակորդներով ոտքին տակ փռված զոհի մը հառաչանքներով, հաջողեցավ գթություն շարժել երբ պատուհասող Արդարության մը՝ համար ու հաշիվ տալու եկեր էր հոս։

Իր անխնամ ու մացառուտ մորուքին, իր կապույտ ու ատեն ատեն արցունքով փալփլոր աչքերով նայեցան ու խղճացին. այս մարդը պատմվածին չափ չար մեկը չէր երևար, ցցված քիթը պահանջկոտ ու խիստ բնավորություն մը ցույց կուտար. անհանդարտ նայվածքը, որուն մեջ խորամանկությունը կը կարդացվեր, այո՛, քիչ մը շահամոլություն ալ կը մատներ։

Բայց ցարդ այս տեսակ ռամիկ ու հանապազօրյա մեղքերու համար ոչ ոք դատապարտված էր և այս պոնտոսցի քահանայեն սկսիլն ալ արդար չպիտի ըլլար։

Այս բոլոր խորհրդածությունները Կրոնական Ժողովը մտքեն անցուցած ըլլալու է և կենթադրենք որ միջին ու հաշտարար բան մը ընելու դիտավորությամբ, որոշում տրվեցավ որ այս մարդը իր քաղաքը վերադառնա այն պայմանով սակայն որ այսուհետև թեմական գործերու չի միջամտե բնավ։


Հաշտարար որոշումներու ճակատագիրն է հակասական ըլլալ, և ոչ մեկ կողմին գոհացում տալ։

Հայտնի է որ արգիլել եկեղեցականի մը ազգային գործերու խառնվելն, դատապարտել է զայն. վասնզի ի՞նչ տեսակ եկեղեցական մըն է այն որուն ազգին գործերը չեն վստահվիլ։