Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անուշ ու տաք ձայնը, աննման ու անքննադատելի արտասանությունը, կանացի սիրտը ու հպարտությունը արտահայտելու կարողությունը առաջին կարգի արվեստագետ մը կը հանդիսացնեն զինքը։

Օրիորդ Տարպելի ինքզինքը գերազանցեց մանավանդ այն տեսարանին մեջ, կարծեմ երրորդ արարվածը, երբ իր եղբորը ամուսնության խնդրանքը ներկայացուց Դարբնոցապետին, հետո նախանձի կրծումովը՝ դքսուհիին ուղղած հանդիմանությանցը և անկե ետքը, մենամարտեն առաջ, էրկանը հետ ունեցած տեսակցությանը մեջ։

Մենամարտեն վիրավորված՝ էրկանը թևերուն մեջ, հայցելով անկե ներումը և սիրո բառը զոր մինչև այն վայրկյանին իրավամբ Դարբնոցապետը զլացեր էր իրեն, իր հատկտյալ աղերսանքովը՝ օրիորդ Տարպելի ամենքը լացուց։ Ասկե ավելի մեծ գովեստ չի կրնար իրեն ուղղվիլ։

Օրիորդ Տարպելի երիտասարդ ու դեղին կին մըն է. նուրբ գեղեցկությամբ մը, խաժ աչքերով, կատարյալ արվեստագետ մը։

Պ. Քրիսթիան մեծ կարողությամբ կատարեց Դարբնոցապետի դժվարին դերը։ Ամուսնության գիշերը իր կնոջ հետ ունեցած բացատրության ու կռիվի տեսարանին մեջ իր մեծագույն հաջողությունը ունեցավ։

Պ. Ֆելիքս՝ Մուլինեի դերին մեջ — Տըպլինեի դուքսին աները — բոլոր սրահը զվարճացուց իր չտես հարուստի միամիտ պարծենկոտությամբը։

Տիկ. Մոլան, Քլեոի մոր դերին մեջ, պետք եղածեն քիչ մը ավելի հանդիսավոր մայր մըն է։

Պ. Տոռլանժ, իբրև Տըպլինեի դուքս, փարիզյան շվայտ կենցաղասերի մը տպավորությունը չի ձգեր, իր հագուստը ու ձևերը շատ ավելի պարզ քաղաքացիի մը, վաճառականի մը գրագրի ձևերն են, քան թե վավերական դուքսի մը։

Անըմբռնելի նորություն մը՝ քաֆե շանթանի երգչուհվո մը ներկայությունն էր այս ներկայացումին մեջ։

Օրիորդ Ժանն Տառաս երրորդ արարվածին մեջ, իբրև միջանկյալ մը, բեմին վրա երևցավ, երեք չորս սիրուն ու քիչ մը