Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընդունիլ. Դարբնոցապետեն բացատրություն կուզե և կը պահանջե որ Քլեռի վարմունքին համար ցավ հայտնե կամ մենամարտով հատուցում մը տա իրեն, վայրկյանը հանդիսավոր է Դարբնոցապետը իր կնոջ այս հախուռն վարմունքին համար մինչև մենամարտիլը հանձն պիտի առնե՞. այն կնոջ որ իր թշվառության բոլոր պատճառն է։

Քլեռ իր էրկանը տալիք պատասխանին կսպասե սրտատրոփ, անոր բերնեն կախված կը մնա.

— Իկին Տերպլեի ձեր կնկան դեմ ըրածը ինչ որ ալ ըլլա, աղեկ ըրած է, կըսե Դարբնոցապետը։

Այս վայրկյանեն որքա՜ն երախտապարտ է, որքա՜ն ամոթահար է իր էրկանը առջև, որքա՜ն պատրաստ է անոր ոտքը նետվելու և ներում խնդրելու անկե, բայց այն հիմար հպարտությունը դեռ սրտին մեջն է և իր զղջման քայլերը կը կապե նորեն։

Հաջորդ օրը պիտի մենամարտին, գիշերը իր խղճին տագնապներովը կը տառապի, չի քնանար մինչև լույս, մինչև էրկանը սենյակին դուռը կերթա, բայց չի համարձակիր դուռը բանալ ու ետ կը դառնա։

Առտուն կը տեսնե որ իր էրիկը մենամարտելու կերթա. ա՛յ չի դիմանար, անոր քովը կը վազե, իր բոլոր ըրածին, դառնացուցած կյանքին համար ներում կը հայցե. այս մենամարտին պատճառ ըլլալուն համար ալ կը զղջա և էրիկը արգիլել կուզե, բայց Դարբնոցապետը տոկուն նկարագրի տեր մարդ է. իր անխելք կինը կը պաշտե միշտ, բայց սիրո բառ մը չըսեր կնոջը ու կը մեկնի, այն ատեն ուրիշ բան չի մնար ասոր բայց եթե վազել ու նետվիլ երկու ոսոխներուն մեջ, թերևս հոն մեռնելու համար։ Եվ այնպես կընե. մենամարտին տեղը կը հասնի և ատրճանակներուն գնդակները իրեն կը հանդպին. վիրավորված կիյնա իր էրկանր թևերուն մեջ որ կը ներե իրեն ու կը խոստովանի թե միշտ պաշտած է զինքը։

Այս է թատերախաղը։

Օրիորդ Տարպելի Քլեո Տերպլեի ջախջախիչ դերը կը կատարե. զավեշտի, կատակերգության մեջ հաջող այս դերասանուհիին տաղանդը՝ իրոք զմայլելի է տռամին մեջ ալ. իր