Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԸ

Պատմությունը կավանդե մեզ որ Լուսավորիչ քրիստոնեությանը հայոց մեջ տարածելու համար ցույց տված եռանդին մեջ, հայ հեթանոսական ամեն հիշատակները բառնալու անձուկ են բռնված, մեր մատենադարաններն ալ այրած ու ջնջած էր։

Ասով կը բացատրվեր հայ երկերու բացարձակ պակասը այնպիսի ժամանակ մը ուր սակայն մեր գրականությունը խիստ ծաղկած պետք էր ըլլալ, դատելով մինչև մեզի հասած իր չնչին բեկորներեն։

Այս ավանդությունը սակայն բոլորովին հաստատված չէ եթե հերքված ալ չէ. ի պատիվ այս հայրապետին, որով կը պարծի մեր եկեղեցին, պետք է ընդունիլ թե ասանկ խժդուժ արարք մը ու բարբարոս գործ մը վերապրելի չէ իրեն, վասնզի այս վարմունքը, եթե երբեք ապացուցվեր, այս անունը շրջապատող լույսի ճաճանչները իսպառ պիտի նսեմացներ։

Խավարիչ մը պիտի ըլլար այս հայրապետը պարզապես, ի՞նչ հեգնություն ուրեմն Լուսավորիչ կոչել մեկը որ համարձակեր է ջնջել մեր ազգեն այն բանը որ ամենեն նվիրականն է, իր գրականությունը։