Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իրավ է որ կրոնամոլությունը աշխարհիս ամեն կողմը շատ անգամ այս տեսակ նախճիրներով ինքզինքը ցույց տված է և բոլորովին նոր բան մը չպիտի ըրար եթե մեր մեջ ալ քրիս տոնեությունը այս տխուր մուտքը ունեցած ըլլար։

Բայց առանց հաստատ ապացույցներու ներելի չէր հայոց առաջին հայրապետին սուրբ հիշատակը ու անունը աս անկ ծանր ամբաստանության մը տակ ընկճել, և մենք բնականաբար վերջինը պիտի ըլլանք ասոր համոզվողներուն։

Միայն թե այն բանը որ անարդարանալի էր հին ատենները կենսալիր մատենագրություն մը ջնջելուն համար, հիմա կարծեմ թե բոլորովին անտեղի չպիտի ըլլար. մեր գրականության մեջ, քանդելու ու բառնալու համար որքա՜ն գիրքեր կան և մեր լրագրութենեն որքա՜ն հավաքածոներ. կը վախնամ որ եթե ասանկ փրկարար հրդեհ մը արծարծվի օդին մեջը, ազատարար ձեռք մը, մեր նախնի մատենագրության մնացորդներեն ոչ շատ ավելի թվով բեկորներու պիտի խնայե։

Խարույկին հիմնական կմախքը նախ սա «վավերացեալ յՈւսումնական Խորհրդէ» պիտակը կրող դասագիրքերեն պիտի ձևանար, և ասոնց վրա պիտի տեղավորեինք սա մյուս վիժումները, զարտուղած խելապատակներու արձակ կամ ոտանավոր ցնորանքները որոնք փառք աստուծո վերջին մեկ երկու տարիներուն մեջ քիչ մը դադրած են։

Այս խարույկին բոցերովը քիչ մը պիտի մաքրվեր օդն ու ասպարեզը և իրոք Լուսավորիչ մը պիտի ըլլար մեզի այն մարդը որ զայն պիտի բռնկցներ։


Անդին Կովկասի հայոց գրականությունը միշտ ավելի ևս կը կազդուրի, կը զարգանա, կուռճանա, մատենագրություն մը կա հոն, հաստատ ու տևական գործունեություն մը, երբ մեր մեջ՝ լավագույն գրվածները հաճախ լրագրի մը թռուցիկ էջին վրա են, հոն՝ մարդերը, կյանքերը ու գործերը կուսումնասիրվին համբերող ու ճշտասեր պրպտումներով և այսպես լույս կը տեսնեն այն հատորները որոնցմով մատենադարան մը կարելի